Հայաստանի ՆԳ նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Աննա Կոստանյան 13.10.2023 - 15:22
13.10.2023 - 15:22 դիտում

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե դը Կոտինիին։

Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է նրան Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ։

Նախարարն արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են իրենց հայրենիքում անվտանգ, ազատ, արժանապատիվ ապրելու իրավունքից և ֆիզիկական անվտանգության սպառնալիքի տակ բռնագաղթել են Հայաստանի Հանրապետություն:

Վահե Ղազարյանը նշել է, որ ներքին գործերի նախարարությունը ևս անմիջականորեն ներգրավված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների ապահովման աշխատանքներում։

Նախարարը բարձր գնահատելով հայ-ֆրանսիական առանձնահատուկ բարեկամական հարաբերությունները՝ ընդգծել է այն նաև իրավապահ ոլորտում ամրապնդելու և զարգացնելու պատրաստակամության մասին:

Օլիվիե դը Կոտինին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ իր հերթին նշել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը՝ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։ Նա հատուկ անդրադարձ է կատարել օրեր առաջ ԵՄ շրջանակներում Հայաստանում անցկացված «HOPE-2023» լայնածավալ հրամանատարաշտաբային ուսումնավարժանքին և ընդգծել Ֆրանսիայի ակտիվ մասնակցության մասին։

Արտակարգ և լիազոր դեսպանը խոսել է նաև ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների ոլորտներում համագործակցությունն ակտիվացնելու մասին։

Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ