Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը՝ ԵԱ թիմային հաշվարկի հաղթողներ

Աստղիկ Խաչատրյան 21.04.2025 - 21:59
21.04.2025 - 21:59 դիտում

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ։ Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ

Опубликовано Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիա / Armenian Weightlifting Federation AWF.am Понедельник, 21 апреля 2025 г.

Նշենք, որ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթներն ավարտել է երկամարտի 2 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալով:

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 2024 թվականի Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր գերծանր քաշային Վարազդատ Լալայանը ոսկե մեդալ է նվաճել Մոլդովայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտում ցույց տալով 450 կգ արդյունք:

Առանձին վարժություններում ևս հայ ծանրորդն արժանացել է ոսկե մեդալներին: Պոկում վարժությունում Լալայանը ցույց է տվել 210 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում փոքր ոսկե մեդալին արժանացել է 240 կգ արդյունքով:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր, 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալ էր նվաճել Մոլդովայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտում ցույց տալով 411 կգ արդյունք: Կարապետյանը կարիերայում երկրորդ անգամ է հռչակվել Եվրոպայի չեմպիոն և նվաճել Հայաստանի առաջին ոսկին Մոլդովայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում:

Առանձին վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է ոսկե մեդալներին: Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 185 կգ կշռող ծանրաձողը,իսկ հրում վարժությունում՝ 226 կգ:

Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն էլ Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել էր 406 կգ արդյունքով: Պոկում վարժությունում նա, երրորդ մոտեցմամբ գլխավերևում պահելով 181 կգ կշռող ծանրաձողը, արժանացել է այս վարժության արծաթե մեդալին: Հրում վարժությունում Մարտիրոսյանը 225 կգ արդյունքով դարձյալ արծաթե մեդալ է նվաճել:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի Մ23 տարեկանների կրկնակի հաղթող, աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Լիանա Գյուրջյանը Մոլդովայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնության արծաթե մեդալին արժանացել էր երկամարտի 246 կգ արդյունքով։
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր Տաթև Հակոբյանը փոքր արծաթե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում։

Երկամարտի 338 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել էր Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսին արժանացել էր կանանց 55 կգ քաշային կարգում հանդես եկող Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երկամարտի 202 կգ արդյունքով (85+117 կգ), իսկ տղամարդկանց հավաքականի անդամ, 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը երկամարտի 275 կգ արդյունքով (124+151 կգ) դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ