Հայաստանի, ԵՄ-ի և դրա անդամ պետությունների միջև նախատեսվում է ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի

Աննա Կոստանյան 10.02.2022 - 15:15
10.02.2022 - 15:15 դիտում

Հավանության է արժանացել 2021 թ. նոյեմբերի 15-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Համաձայնագրի նպատակն է ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի` ապահովելով կողմերի շուկաների հասանելիությունը՝ հավասար մրցակցային պայմաններով, առանց խտրականության և միասնական կանոններով՝ ներառյալ թռիչքային և ավիացիոն անվտանգության, օդային երթևեկության կազմակերպման, մրցակցության, սոցիալական և շրջակա միջավայրի ոլորտներում:

Ընդհանուր ավիացիոն գոտին թույլ է տալիս նաև ընդլայնել օդային հաղորդակցությունը և զարգացնել միջազգային ավիացիոն համակարգը՝ հիմնվելով շուկայում ավիաընկերությունների միջև ոչ խտրական, թափանցիկ և արդար մրցակցության վրա։ Այն կնպաստի ԵՄ ավիացիոն ստանդարտների ընդունմանը, ավիացիոն կանոնների կիրառմանը և կզարգացնի հետագա համագործակցությունը ավիացիոն անվտանգության ոլորտում:

Միաժամանակ ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացումը խթան կհանդիսանա առևտրի, զբոսաշրջության, ներդրումների և, ընդհանուր առմամբ, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ ապահովելով շարժունակության ավելի լայն հնարավորություններ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ