Հայաստանը, ցավոք, բաց թողեց Մոսկվայում Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի քննարկման լավ հնարավորությունը. Զախարովա

Աննա Կոստանյան 12.01.2023 - 14:38
12.01.2023 - 14:38 դիտում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվային, անկասկած, մտահոգում են վերջին շաբաթներին Բաքվի և Երևանի հարաբերություններում նկատվող բացասական միտումները, կտրուկ հռետորաբանության ակտիվացումն ու մեղադրանքներով փոխանակումը, ինչն ուղեկցվում է տարածաշրջանում լարվածության աճով:

«Ադրբեջանական և հայկական կողմերին կոչ ենք անում բարի կամք դրսևորել ու համատեղ փնտրել փոխզիջումներ: Մոսկվան պատրաստ է դրան ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել», – ասել է Զախարովան:

Նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ ՀՀ ղեկավար Նիկոլ Փաշինյանը հակասական հայտարարություններ է արել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մշակման վերաբերյալ:

«Եվս մեկ անգամ ընդգծենք, որ Հայաստանը, ցավոք, բաց թողեց նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ադրբեջանցիների հետ բանակցային հաջորդ փուլն անցկացնելու լավ հնարավորությունը, որը կարող էր օգտագործել խնդրահարույց հարցեր, այդ թվում` Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի քննարկման համար: Բայցևայնպես, մեր առաջարկն ուժի մեջ է, մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման համար», – ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ Մոսկվան շարունակում է Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն:

«ՌԴ ներքին գործերի, պաշտպանության նախարարությունների, ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջոցով հետևողական քայլեր են ձեռնարկվում իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ: Անհրաժեշտ է գտնել լուծում՝ ընդունելի բոլոր կողմերի համար: Ներկայում միջանցքով անցնում են մարդասիրական օգնությամբ բեռնված ավտոշարասյուներ», – ասել է Զախարովան:

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ ռուս խաղաղապահների նկատմամբ հրապարակավ հարձակումներն ու նրանց դեմ սադրանքներն անընդունելի են: Ըստ Զախարովայի՝ նրանք այս տարածաշրջանում խաղաղության երաշխավորն են, ու նման գործողությունները կարող են էական վնաս հասցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ