Հայաստանը ռազմագերիներին վերադարձնելու հարցում բարձր է գնահատում ՌԴ ջանքերը

Աննա Կոստանյան 27.02.2021 - 14:44
27.02.2021 - 14:44 դիտում

Ադրբեջանն արհեստական և չհիմնավորված խոչընդոտներ է ստեղծում հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց անհապաղ հետ վերադարձի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Նա նշել է, որ ռազմագերիների ու գերիների վերադարձը նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, այդ ուղղությամբ տարվում է համակարգված միջգերատեսչական աշխատանք, և Հայաստանն արդեն կատարել է իր պարտականությունը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով հետ վերադարձնելով ռազմագերիներին:

«Ադրբեջանական կողմը մանիպուլացնում է հայ գերիների ցուցակը և հրաժարվում է ընդունել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերի պահելու փաստը: Ավելին, պաշտոնական Բաքուն մի քանի ռազմագերիների դեմ կեղծ քրեական գործեր է հարուցում հորինված մեղադրանքներով:

Ադրբեջանի նման վարքագիծը ոչ միայն հակասում է միջազգային հումանիտար իրավունքի նորմերին, այլև խախտում է եռակողմ հայտարարությունը»,- նշել է Արա Այվազյանը՝ հայտարարելով, որ բոլոր ռազմագերիների անհապաղ և անվտանգ վերադարձը առաջնահերթություն է:

ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ Հայաստանը ռազմագերիներին վերադարձնելու հարցում բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության՝ որպես պատասխանատու և անկողմնակալ միջնորդի ջանքերը: «Համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հայրենիք վերադարձնել հայ գերիների մի մասին: Այս հումանիտար հարցի հետագա ձգձգումը, իհարկե, ոչ միայն ավելի է խորացնում հայ հասարակության ցավը, այլև մարտահրավեր է նաև Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության երաշխավորի, ինչպես նաև առհասարակ միջազգային հանրությանը»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ