ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն X-իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ձեռք բերված համաձայնությունը:
«Մենք ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի վերաբերյալ ձեռք բերված փոխըմբռնումը:
Երկխոսությունը հանգուցային կարևորություն ունի, և հուսով ենք, որ հրադադարը կպահպանվի, և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի: Այս առումով, խաղաղության հասնելու միջազգային ջանքերը նույնպես նշանակալի են, մասնավորապես, ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ-ն»,- գրել է Բադալյանը:
Հիշեցնենք՝ երկու երկրի հարաբերությունները կտրուկ սրվել են Ջամու և Քաշմիրում ապրիլին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 26 մարդ էր զոհվել։
Նյու Դելին տեղի ունեցածի համար մեղադրել էր Պակիստանին:
Նշենք՝ Հնդկաստանը և Պակիստանը Վաշինգտոնի միջնորդությամբ համաձայնության են եկել անհապաղ և ամբողջական հրադադարի շուրջ: Այս մասին հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Շնորհավորում եմ երկու երկրին՝ առողջ բանականությունը ընտրելու համար»,- գրել էր Սպիտակ տան ղեկավարը Truth Social-ի էջում։