Հայաստանը միշտ հավատարիմ է եղել և մնում ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը. Արմեն Խաչատրյան

Աննա Կոստանյան 12.09.2023 - 16:58
12.09.2023 - 16:58 դիտում
Սեպտեմբերի 1-6-ը ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովների նախագահների արտագնա նիստին և ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն-2023» զորավարժություններին (զորավարժություններին ՀՀ զինված ուժերը չեն մասնակցել):
Օգտագործելով ընձեռված հնարավորությունը՝ ի թիվս այլ հարցերի, Ա.Խաչատրյանն իր ելույթում ներկայացրել է առաջնային կարևորության հետևյալ խնդիրները.
  • Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ծագած մարդասիրական ճգնաժամը:
  • Ադրբեջանի կողմից ապատեղեկատվությունների տարածումը, ինչը հող է նախապատրաստում վերջինիս հետագա ագրեսիվ գործողությունների համար և շեղում միազգային հանրության ուշադրությունն Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամից։
  • Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մշտական խախտումները, քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության թիրախավորումն ու բերքահավաքի աշխատանքները խոչընդոտելը։
  • Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու Հայաստանի Հանրապետության առաջարկն ու Ադրբեջանի շարունակվող ապակառուցողական գործողությունները։
  • 30 տարվա ընդմիջումից հետո գործարկված Կապանի օդանավակայանի նկատմամբ Ադրբեջանի ահաբեկչական բնույթի գործողությունները, որոնք սպառնում են քաղաքացիական անձանց կյանքին և կայունությանը։
  • Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական զինուժի զանգվածային հարձակումը Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ գյուղերի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում հայկական կողմն ունեցել է 2 զոհ և 3 վիրավոր։
Հայաստանը միշտ հավատարիմ է եղել և մնում միջազգային ստանձնած պարտավորությունների կատարմանը, հատկապես դաշնակից համարվող պետությունների նկատմամբ, միաժամանակ առաջնորդվելով ՀՀ ազգային և պետական շահերով, ակնկալում է համանման հավատարմության գործնականում դրսևորում կամ առնվազն սուվերենության և ազգային պետական շահերի հարգում։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ