Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում է, որ Ադրբեջանը նույնը կանի. վարչապետ

Աննա Կոստանյան 18.04.2023 - 15:17
18.04.2023 - 15:17 դիտում

Խաղաղությունը կախված է նաև մեզնից և մեր դիրքորոշումներից, ու իմ անկեղծ մղումն է ամեն հնարավորը անել՝ Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու համար: Արդյոք հնարավո՞ր է նման զարգացում: Կարծում եմ՝ իսկապես հնարավոր է, բայց դրա համար անհրաժեշտ է առերեսվել մի շարք խնդիրների հետ, որոնց մի մասին վերը անդրադարձա, բայց, իհարկե, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում դրանք ավելի մանրամասն պարզաբանման կարիք ունեն՝ ԱԺ-ում ներկայացնելով Կառավարության ծրագրի 2022-ի կատարողականը՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ, առանց երկիմաստությունների և որոգայթների, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն և պարտավորվեն այսօր և երբևէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել:

Իրականում Ադրբեջանի նախագահի հետ այս մասին պայմանավորվել ենք 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում, ինչը արձանագրվել է համապատասխան հրապարակային հայտարարություններով: Այսուհանդերձ, թե՛ Երևանից, թե՛ Բաքվից հնչում են պաշտոնական հայտարարություններ, որոնցով դիմացի կողմը մեղադրվում է պայմանավորվածությունները չպահելու մեջ:

Ես հիմա ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն:

Ասեմ նաև, որ Ադրբեջանի այն պնդումները, թե խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում Հայաստանը հրաժարվել է կամ հրաժարվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ամբողջությամբ, իրականությանը չեն համապատասխանում, և մենք դա կարող ենք ապացուցել: Մենք ինքներս ենք առաջարկել, որ պայմանագրին կցվեն Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք:

Բայց այստեղ է, որ հասնում ենք ամենամեծ ու ամենաբարդ խնդրին՝ Լեռնային Ղարաբաղին: Եւ կա մի նրբություն, որը, ըստ էության, վերջին 16 տարվա ընթացքում խիստ հրատապ է եղել, բայց դրան այդպես էլ մենք երբեք անդրադարձ չենք կատարել: Եւ խնդիրն այն է, որ մենք սովորաբար անդրադարձ ենք կատարում ու անդրադարձ ենք կատարել Լեռնային Ղարաբաղի ապագային, բայց կարևոր էր և կարևոր է հակամարտության գոյության ողջ ընթացքում որևէ պահի Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հարցին նույնպես անդրադառնալ:

Իրականում վերջին հինգ տարվա ընթացքում ես սա մի քանի անգամ եմ փորձել անել, բայց, ցավոք, ամեն անգամ թեման վերաճում է ընդդիմություն-իշխանություն բանավեճի, ինչը նույնպես նորմալ է: Բայց իրականում կա գործնական խնդիր՝ հարցի պատասխանը օբյեկտիվորեն գտնելու անհրաժեշտություն, և ես հիմա դա կփորձեմ անել այնպես, որ ասվածը որևէ մեկին ուղղված մեղադրանքի տեսք չունենա, որպեսզի մենք կենտրոնանանք հարցի բովանդակության և ոչ թե ձևի վրա:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ընթացքում տարածքային ամբողջականության սկզբունքն ու ինքնորոշման սկզբունքը դրվել են կողք կողքի: Սրանով իրականում արձանագրվել են իրողություններ, որոնք մենք չենք խոստովանել, բայց, անկախ մեր խոստովանությունից, դրանք գոյություն ունեն: Այս համատեքստում՝ ինքնորոշման իրավունք նշանակում է, որ դու ինքնորոշման իրավունքի շահառուի պայմանականորեն Ա կարգավիճակը վերանայելու հարց ես դնում: Դա տեսականորեն կարող է նշանակել՝ Ա կարգավիճակը վերանայել, դարձնել կարգավիճակ Բ, կամ վերանայել և չփոխել, կամ վերանայել, դարձնել Ա պլյուս 1 կամ Ա մինուս 1 կարգավիճակ – պայմանականորեն եմ ասում, որ լրացուցիչ քաղաքական կրքեր չբորբոքեմ, այլ կենտրոնանանք բովանդակության վրա – այսինքն՝ ապագա կարգավիճակը դարձնել ցանկացած այլ բան, և այստեղ ամեն ինչ պարզ է: Բայց առանց ֆիքսելու Ա կարգավիճակը, որն ուզում ես զարգացնել, փոխել և դարձնել Բ կարգավիճակ, ապագա որևէ կարգավիճակի մասին, այսինքն՝ ինքնորոշման մասին խոսք լինել այս տրամաբանությամբ չի կարող, որովհետև եթե ինքնորոշման հարց ես բարձրացնում, նշանակում է ինչ-որ մի բանի մաս ես, եթե ինչ-որ մի բանի մաս չես, ուրեմն կամ արդեն ինքնորոշվել ես կամ ինքնորոշման կարիքը չունես:

Հիմա, մենք ինքներս, սեփական ձեռքերով (ձեզ հայտնի ժամանակ) -էլի չեմ ասում, թե երբ, որ լրացուցիչ կրքեր չբորբոքեմ – բանակցային, քաղաքական, աշխարհքաղաքական այս իրողությունը ստեղծել ենք, ոչ միայն ստեղծել ենք, այլև ցեմենտել ենք, բայց դրանից հետո ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղի համար ցանկանում ենք Բ կարգավիճակ, բայց այդպես էլ երբեք հրապարակային չենք ընդունել Ա կարգավիճակը: Եւ սրանով խաբել ենք ինքներս մեզ, Հայաստանի ժողովրդին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Բայց էլի ուզում եմ ուշադրություն դարձնենք հետևյալի վրա. առնվազն հիմա՝ սա չեմ ասում որևէ մեկին մեղադրելու համար, այլ արձանագրելու, որ մինչև այս ակնհայտ փաստի և իրողության հետ չառերեսվենք, երբեք խաղաղություն չենք ունենա: Երբեք:

Բայց, ինչպես ասել եմ, խաղաղությունը համարում եմ իմ քաղաքական հանձնառությունը՝ առանձնապես հիմա, առանձնապես 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի վստահության քվեի վերահաստատումից հետո: Եւ այս համատեքստում, իհարկե, չափազանց կարևոր է, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների, երկխոսության միջազգային մեխանիզմ ձևավորվի, և այդ մեխանիզմն ապահովի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման օրակարգի իրացումը:

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի համատեքստում հաջորդ կարևոր խնդիրը, որի մասին կուզենայի խոսել, հետևյալն է.

չափազանց կարևոր է, որ խաղաղության հնարավոր պայմանագրի իրագործման երաշխավորող միջազգային մեխանիզմներ ձևավորվեն, հակառակ դեպքում պայմանագրի ստորագրման հաջորդ օրը կարող է պատերազմ բռնկվել, կամ նոր էսկալացիա տեղի ունենալ: Կարևոր է նաև կողմերի միջև ծագած վեճերի լուծման մեխանիզմների գոյությունը, որ եթե կողմերը ի վիճակի չլինեն ծագած խնդիրները՝ պայմանագրի տեքստի մեկնաբանությունների հետ կապված, ուղիղ բանակցություններով լուծել, լինի ատյան, որը դա կանի, և որի որոշումը պարտադիր լինի կողմերի համար:

Իհարկե, տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացումը նույնպես չափազանց կարևոր է խաղաղության համար: Բայց այս խնդրին բազմիցս եմ անդրադարձել՝ արձանագրելով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով սահմանված ճանապարհները պետք է վերաբացվեն կողմերի սուվերենության և իրավազորության հիման վրա: Իրավազորության կիրառման պրակտիկ կողմը, իհարկե, պիտի և կարող է համապատասխանել տեխնոլոգիական ժամանակակից պահանջներին, բայց այստեղ կարևորը ոչ այնքան տեխնիկական դետալներն են, որքան իրավական բովանդակությունը»,- ասաց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ