Համաշխարհային կարգը կղեկավարի կա՛մ ԱՄՆ-ը, կա՛մ Չինաստանը, կա՛մ ընդհանրապես ոչ ոք. Բլինքեն

Անի Հովհաննիսյան 18.10.2022 - 19:44
18.10.2022 - 19:44 դիտում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ բաց բանավեճի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Չինաստանը մրցակցում են, թե ինչպիսին կլինի ապագան. դա սկսվել է Սառը պատերազմի ավարտից հետո:

«Մրցակցությունն այն բանի համար է, թե ինչ տեսք կունենա այդ ապագան և ինչ արժեքներ կարտացոլի»,- նշել է Բլինքենը:

Նրա խոսքով՝ եթե այդ մրցակցությունում հաղթի Չինաստանը, ապա այն «խոր հակաազատական» համաշխարհային կարգ կստեղծի, որտեղ Վաշինգտոնի շահերն ու արժեքները բացարձակապես հաշվի չեն առնվի:

«Առնվազն մեր տեսանկյունից, մեր առջև դրված է հիմնարար ընտրություն։ Չէ՞ որ, ինչպես ակնհայտ դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսված պատմական ժամանակաշրջանում, աշխարհն ինքն իրեն կարգուկանոնի չի գա։ Եվ ԱՄՆ-ի համար ընտրությունն այսպիսին է. եթե մենք չմասնակցենք այդ կարգի հաստատմանը, եթե այդ գործընթացում հանդես չգանք առաջնորդի դերում, ապա երկու տարբերակ կլինի. կա՛մ այդ դերը կխաղա մեկ ուրիշը, կա՛մ ոչ ոք, իսկ դա նույնքան վատ սցենար է: Վերոնշյալ պատճառով մենք շահագրգռված ենք ակտիվություն դրսևորելով, առաջատար լինելով և մրցապայքարում կիրառում ենք մեզ հասանելի բոլոր միջոցները։ Իմ կարծիքով՝ Չինաստանը նույնպես ցանկանում է կարգուկանոն հաստատել, որը, սակայն, հակալիբերալ է: Իսկ մենք, թեկուզև ոչ միշտ ենք անսխալ վարվում, հասնում ենք ավելի լիբերալ կարգուկանոնի հաստատմանը։ Սա է այդ մրցակցության էությունը»,- հայտարարել է Բլինքենը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ