Համաձայնությանը մոտենալիս ավելի է բարդանում, քանի որ ամենադժվար հարցերը թողնում են վերջում. Բլինքենը` եռակողմ հանդիպմանը

Աստղիկ Խաչատրյան 30.06.2023 - 00:55
30.06.2023 - 00:55 դիտում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին և երկու երկրների պատվիրակություններին։

«Շնորհակալությունս եմ հայտնում կարևոր և բարդ աշխատանքը շարունակելու համար՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության համաձայնագրին հասնելու, ինչպես նաև մեծաթիվ կարևոր խնդիրների քննարկմանը, որոնք կարող են նպաստել երկու երկրի միջև հարաբերությունների զարգացմանը։ Շնորհակալ եմ այն ժամանակի համար, որ ծախսեցիք այստեղ»,- ասել է նա:

Բլինքենը հիշեցրել է` սա իրենց արդեն երկրորդ հանդիպումն է։ Նա նշել է` ինքը և անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը գնահատում են այն ժամանակը, որ գործընկերները կարողացան անցկացնել այստեղ, գնահատում են նաև այն, որ համատեղ հայտարարություն է ընդունվելու, ինչպես նաև առաջընթացի համար՝ դեպի ընդհանուր նպատակը:

«Շնորհակալ ենք որոշ հոդվածների շուրջ համաձայնության հասնելու, չլուծված հարցերի շուրջ դիրքորոշումների խորացման, ինչպես նաև այն գիտակցման համար, որ վերջնական համաձայնության հասնելու համար դեռ դժվար աշխատանք կա անելու: Մենք մի շարք հանդիպումներ ենք ունեցել ոչ միայն այստեղ, այլ նաև գործընկերների հետ։ Հանդիպումներ են հյուրընկալվել նաև ԵՄ-ի մեր գործընկերների կողմից, այդ թվում նաև վարչապետ Փաշինյանի ու նախագահ Ալիևի մակարդակով, և գիտենք, որ մի քանի շաբաթից նոր հանդիպում է սպասվում ԵՄ միջնորդությամբ։ Ակնկալում ենք, որ այս գործընթացը նույնպես կշարունակվի»,- ասել է նա։

Բլինքենի խոսքով` պետք է օգտվել այն թափից, որը ձեռք են բերել այս հանդիպումների ընթացքում առանձին կետերի շուրջ համաձայնության միջոցով՝ վերջնական համաձայնության հասնելու համար:

«Կարծում եմ, որ բոլորի կողմից կա նաև հստակ ըմբռնում, որ երբ ավելի մոտ ես համաձայնության հասնելուն, որոշ դեպքերում, ավելի դժվար է այն դառնում։ Որովհետև, որպես կանոն, ամենադժվար հարցերը թողնում են վերջում։ Ես գնահատում եմ այն բացությունն ու անմիջականությունը, որ դրսևորեցիք։ Դա է ի վերջո փոխըմբռնման և վերջապես համաձայնության հասնելու ճանապարհը։ Շնորհակալություն երկուսիդ էլ՝ այստեղ լինելու համար, շնորհակալություն այս 3 օրվա ընթացքում կատարած քրտնաջան աշխատանքի համար, շնորհակալություն արձանագրված առաջընթացի համար և շնորհակալ եմ այս ջանքերը առաջիկա շաբաթներին և ամիսներին շարունակելու վճռականության համար»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ