Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ շուրջ 3 մլն դրամի հափշտակության գործը դատարանում է

Աննա Կոստանյան 6.07.2022 - 17:22
6.07.2022 - 17:22 դիտում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր և խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 35-ամյա տղամարդը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 2020 թ. հուլիսի 14-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, իր և այլ անձանց անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարներով տարբեր ՓԲ ընկերություններում ստեղծել և նույնականացրել է էլեկտրոնային վճարային համակարգի հաշվառման հաշիվներ՝ էլեկտրոնային դրամապանակներ, այնուհետև դրանց միջոցով առցանց ձևակերպել է ընդհանուր 26 վարկային պայմանագրեր և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է նշված պայմանագրերով հաստատված ու էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված՝ առանձնապես խոշոր չափերով ընդհանուր՝ 3.205.000 ՀՀ դրամ գումարը:

Բացի այդ, հիշյալ տղամարդը, 2021 թվականի ապրիլին, Facebook.com սոցիալական կայքում այլ անձի անվամբ գրանցված անհատական էջից նամակագրություն վարելով նույն կայքի անհատական էջի օգտատիրոջ հետ, խաբեությամբ ստացել է վերջինիս հեռախոսահամարը, էլեկտրոնային դրամապանակ գրանցելու համար հեռախոսահամարին ստացված ծածկագիրը, ուղղորդել այդ անձին էլեկտրոնային դրամապանակը նույնականացնելու գործընթացում, այնուհետև, ունենալով նրա անվամբ գրանցված էլեկտրոնային դրամապանակի տվյալները, ՀՀ բանկերից մեկում վերջինիս անվամբ ձևակերպել է վարկ և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել խոշոր չափերով՝ 990.000 ՀՀ դրամ գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 2-րդ մասի 2-րդ կետով և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ