Հակառակորդի հարձակողական բռունցքի թափը կոտրվել է. Արծրուն Հովհաննիսյան

Հրաչ Սահակյան 28.10.2020 - 22:14
28.10.2020 - 22:14 դիտում

Այսօր ճեպազրույցի ժամանակ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց՝
«Այսօր ամբողջ օրը Ադրբեջանի ԶՈՒ և նրան զինակցող ահաբեկչական խմբավորումները շարունակել են իրենց հարձակողական տարաբնույթ գործողությունները ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաև Արցախի հյուսիսից մինչև հարավ։

Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ գործողություններ են ընթացել։
Հակառակորդին՝ չնայած որոշակի ջանքերին, չի հաջողվել առաջանալ Բերձորի ուղղությամբ։ Հայկական ուժերը դիրքային որոշակի բարելավում են ունեցել։

Մարտակերտում և ավելի հյուսիս ընկած շրջանում տեղ են գտել հրետակոծություններ։

Մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ՝ դեռ երեկ նշված ուղղությամբ դիվերսիոն խմբերի չեզոքացման կոնտեքստում։

Հարավում գործողություններն ընթանում են դանդաղ, որոշակի նորություններ չկան։

Հրադադարի մասին ադրբեջանական կողմի պատկերացումներն այլ են, դրանք հանգում են Արցախի հայությանը բնաջնջելու «թույլտվության»։ Դա այդպես լինել չի կարող։ ԱՀ ՊԲ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը Արցախի ժողովրդին սպառնացող ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ։

Մարտական գործողությունները չունեն նույն խտությունը, ընդգրկումը, թափը, դինամիկան։ Դրանք օջախային են։ Կիրառվում են դիվերսիոն խմբեր, մասամբ՝ հրետանի, ավելի քիչ՝ օդուժ։

Թշնամու հարձակողական բռունցքի թափը կոտրված է մեր կողմից։ Այժմ շարունակում են դանդաղ օջախային սողացող բնույթի գործողությունները։ Հեշտ չէ միանգամից չեզոքացնել լեռնաանտառային տեղանքում դիվերսիոն խմբերի հոսքը, բայց մարտերը շարունակվում են՝ դանդաղ, որոշակի փոքր բախումներով՝ տեղ-տեղ մերձամարտերով։

Մենք խաղաղ բնակիչներից վրեժ չենք լուծելու։ Մեր կռիվը վարելու ենք մեր տուն մտած թշնամու դեմ։

Այո՛, կռիվը երկար է, կռիվը կայծակնային չէ, մենք օրերի ընթացքում չենք հաղթելու իրենց, բայց հաղթելու ենք։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ