«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուի որդին՝ Կրիշտիանու Ռոնալդու կրտսերը, հրավիրվել է Պորտուգալիայի մինչև 15 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքական։
14-ամյա խաղացողը հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի պրոֆեսիոնալ լիգայի ակումբի՝ «Ալ-Նասրի» երիտասարդական թիմում, որտեղ խաղում է նրա հայրը:
Պորտուգալիայի Մ15 հավաքականը պատրաստվում է մասնակցել Վլատկո Մարկովիչի յոթերորդ միջազգային հուշամրցաշարին, որը կանցկացվի Խորվաթիայում մայիսի 13-18-ը։ Թիմը չորս հանդիպում կանցկացնի՝ առաջին երեքը Ճապոնիայի (մայիսի 13), Հունաստանի (մայիսի 14) և Անգլիայի (մայիսի 16) հետ: Չորրորդ վերջին հանդիպումը կկայանա մայիսի 18-ին (մրցակիցը դեռ որոշված չէ)։
40-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցերում հրապարակել է որդու լուսանկարը ազգային հավաքականի հայտացուցակում՝ «Հպարտ քեզնով, որդի» մակագրությամբ: Ռոնալդու կրտսերը խաղացել է նաև իր հոր նախորդ երկու թիմերի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Յուվենտուսի» երիտասարդական թիմերում։
Ռոնալդու ավագը Պորտուգալիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ 219 խաղում 136 գոլով:
Ռոնալդուն, որ ունի հինգ երեխա, Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող է, Եվրոպայի չեմպիոն և Ազգերի լիգայի հաղթող։ Պորտուգալացին ազգային հավաքականի մակարդակով ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է, եվրոպական մրցաշարերում անցկացրած հանդիպումների քանակով ռեկորդակիրը, ինչպես նաև Եվրոպայի առաջնությունների և Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն։
Նա ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի, իսպանական Պրիմերայի և իտալական Ա Սերիայի լավագույն ֆուտբոլիստ և ռմբարկու։
2022 թվականի դեկտեմբերին նա պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» հետ մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։ Ֆուտբոլիստն ասել է, որ սաուդյան ակումբը վերջինն է լինելու իր կարիերայում։