Ուկրաինական ուժերից Կուրսկի մարզի ազատագրման գործողությունն ավարտվել է՝ հայտնում են Կրեմլից:
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ այսօր վերադարձվել է շրջանի վերջին գյուղի՝ Գորնալի նկատմամբ վերահսկողությունը: Վալերի Գերասիմովի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի ուղղությամբ մարտերի ընթացքում կորցրել է ավելի քան 76 հազար զինծառայող:
«Հյուսիսկորեացի մարտիկներն էլ ռուս զինվորականների հետ ուս ուսի տված՝ բարձր պրոֆեսիոնալիզմ են ցուցաբերել Կուրսկի մարզի ազատագրման գործում»,- նշել է Գլխավոր շտաբի պետը:
Գերասիմովը հայտնել է, որ այժմ միջոցներ են ձեռնարկվում՝ հայտնաբերելու Կուրսկի մարզում թաքնված ուկրաինացի զինծառայողներին։ Նա հավելել է, որ Ուկրաինայի Սումիի շրջանում էլ անվտանգության գոտի ստեղծելու գործողությունները շարունակվում են: Գերասիմովը տեղեկացրել է, որ ջանքեր են գործադրովում՝ դուրս մղելու ուկրաինական ուժերը նաև Բելգորոդի ուղղությամբ:
Ռուսաստանի նախագահն իր հերթին հայտարարել է՝ «Կիևի ռեժիմի արկածախնդրությունը լիովին ձախողվել է»։
«Կուրսկի սահմանային գոտում թշնամու լիակատար պարտությունը պայմաններ է ստեղծում ռազմաճակատի մյուս կարևոր հատվածներում մեր զորքերի հետագա հաջողությունների համար», – համոզմունք է հայտնել Կրեմլի ղեկավարը։
Միևնույն ժամանակ, առավոտյան Ուկրաինայի Գլխավոր շտաբից հայտնել էին, որ Կուրսկի ուղղությամբ մարտական գործողություններ են իրականացվում։