Կոտայքի մարզում ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Աննա Կոստանյան 2.12.2022 - 13:03
2.12.2022 - 13:03 դիտում
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի (Օդային, ջրային, երկաթուղային, մագնիսական (մագլևային), ճոպանային տրանսպորտի կամ մետրոպոլիտենի երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ երթևեկության կամ շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 3-րդ մասով դեկտեմբերի 1-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Կոտայքի մարզում ինքնաթիռի վթարի ենթարկվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին` ժամը 14.00-ի սահմաններում, B-55 մոդելի ինքնաթիռը վայր է ընկել Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում գտնվող ավազի հանքի տարածքում և այրվել, որի հետևանքով ինքնաթիռում գտնվող 2 անձ տեղում մահացել է:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է վթարված, այրված թեթև մարդատար ինքնաթիռ, 2 անձի մոխրացած դիակ և այլ իրեր։ Նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն, ստեղծվել է քննչական խումբ:
Տեղեկատվական պահանջ է ներկայացվել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե` վթարի ենթարկված վերը նշված ինքնաթիռի տեսակի, պատկանելության, ՀՀ մուտք գործելու, ՀՀ-ում տեղակայվելու հանգամանքների, օդաչուի, ուղևորի ինքնությունների և մի շարք այլ տվյալների վերաբերյալ:
Ձեռնարկվելու են նաև անհրաժեշտ միջոցներ սահմանված ընթացակարգով ինքնաթիռի վթարման պատճառները, դրա հետ կապված հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ