Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Շիրակի և Լոռու մարզերում բնակվող ընտանիքները աջակցություն կստանան

Աննա Կոստանյան 23.08.2021 - 17:23
23.08.2021 - 17:23 դիտում

Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Շիրակի և Լոռու մարզերում բնակվող ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված շուրջ 300 շահառու ընտանիք աջակցություն կստանա՝ «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանման» ծրագրի շրջանակում

Ծրագիրն իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  կողմից՝ Համաշխարհային բանկի, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և Ճապոնիայի կառավարության հետ համատեղ։

Նախատեսվում է աջակցություն տրամադրել վերոնշյալ մարզերում բնակվող՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված շուրջ 300 ընտանիքների՝ սեփական զբաղվածության ապահովման, բիզնես նախաձեռնությունների իրականացման նպատակով։ Աջակցություն կտրամադրվի նաև շուրջ 1,700 շահառուի՝ սոցիալական, առողջապահական, կրթական ծառայությունների հասանելիության ապահովման համար։

Օրերս Արտաշատում տեղի է ունեցել ծրագրի վերաբերյալ իրազեկման հանդիպում, որին մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Համաշխարհային բանկի, Ճապոնիայի դեսպանատան, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի ներկայացուցիչները։

Հանդիպման նպատակն է եղել ներկայացնել ծրագրի մանրամասները, շահառուներին ծանոթացնել դիմելու ընթացակարգին ու սահմանված չափորոշիչներին։ Ընդգծվել է ծրագրի կարևորությունն ու քաղաքացիների կայուն զբաղվածության ապահովումը՝ նրանց բիզնես նախաձեռնությունների ու գաղափարների իրականացման, կարողությունների զարգացման համատեքստում։

Ծրագրի շրջանակում նախատեսված է իրականացնել ծրագրում ներգրավված պատասխանատու մասնագետների (այդ թվում՝ Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների աշխատակիցներ, համայնքային սոցիալական աշխատողներ), ինչպես նաև շահառուների վերապատրաստումներ ու խորհրդատվական ծառայություններ։

Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով․ նմանօրինակ հանդիպումները շարունակական բնույթ են ունենալու և իրականացվելու են շահառու բոլոր մարզերի համայնքներում։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ