Կոմունիկացիաների բացման համատեքստում Հայաստանի որևէ սուվերեն տարածքում կարգավիճակի փոփոխությունը կատարելապես բացառում ենք. Փաշինյան

Աստղիկ Խաչատրյան 17.06.2021 - 21:30
17.06.2021 - 21:30 դիտում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տնտեսության զարգացման տեսլականին, ինչպես նաև տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման թեմային:

«Տնտեսության մասին մեր ռազմավարական պատկերացումը հետևյալն է. այն պետք է լինի գիտելիքահեն՝ սկսած գյուղատնտեսությունից, շարունակած արտահանմամբ և առևտրով: Պետք է հենվի մինչ այժմ գոյություն ունեցած և նոր ի հայտ եկած ու եկող գիտելիքի, հմտության, իմացության վրա, որի կուլմինացիան պետք է դառնան արդյունավետությունը և աշխատանքի արտադրողականության բարձրացումը»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ առաջիկա 5 տարիներին ծրագրում են կառուցել 2600 կմ ճանապարհ, սկսել կամ ավարտին հասցնել 15 նոր ջրամբարների կառուցումը, ապահովել ՀՀ երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի, Իրանի ու այդպիսով՝ ամբողջ աշխարհի հետ:

«Այս համատեքստում մեր կառավարությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային որևէ տրամաբանություն: Կոմունիկացիների բացման համատեքստում Հայաստանի որևէ սուվերեն տարածքում կարգավիճակի փոփոխությունը կատարելապես բացառում ենք: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները Հայաստանի տարածքով միջանցք ստանալու մասին այլ բան, քան աբսուրդ, դժվար է անվանել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ տարածաշրջանի տնտեսական կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն, և երկրները կստանան հավասարաչափ և համաչափ հնարավորություններ, այնպես, ինչպես նկարագրված է Մոսկվայի՝ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ:

«Հայաստանը տրամադրված է հետևողականորեն առաջ շարժվել՝ այս հայտարարության դրույթները կյանքի կոչելու համար: Սա ռազմավարական նվաճում կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար՝ լայն դռներ բացելով խաղաղության, կայունության և երկարատև զարգացման համար»,- հավելեց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ