Կյանքից հեռացել է Սիլվիո Բեռլուսկոնին

Աննա Կոստանյան 12.06.2023 - 13:45
12.06.2023 - 13:45 դիտում

Մահացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին: Ինչպես հայտնում է corriere.it կայքը, քաղաքական գործիչը կյանքից հեռացել է այսօր Միլանի Սան Ռաֆայել հիվանդանոցում։

Նախկին վարչապետը, «Առա՛ջ, Իտա՛լիա» (Forza Italia) կուսակցության առաջնորդը 86 տարեկան էր:

Բեռլուսկոնին հոսպիտալացվել էր անցյալ ուրբաթ: Ավելի վաղ նրա մոտ ախտորոշվել էր թոքաբորբ և լեյկեմիա:

Բեռլուսկոնին ծնվել է 1936 թվականի սեպտեմբերի 29-ին Միլանում։ Ավարտել է Միլանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Մինչ քաղաքականությամբ զբաղվելը զբաղվել է բիզնեսով։

1994 թվականի ընտրություններում նրա ստեղծած «Առա՛ջ, Իտա՛լիա» կուսակցությունը աջ կենտրոնամետ կոալիցիայի կազմում հաղթել է, և Բեռլուսկոնին ընտրվել է վարչապետ, բայց մեկ տարի չանցած՝ 1995 թվականի հունվարին, նա հրաժարական է տվել։ Քաղաքական գործիչը 2001 թվականին կրկին կարողացել է ստանձնել վարչապետի պաշտոնը և նախարարների կաբինետի ղեկավարում մնացել մինչև 2006 թվականը։

Ընդդիմության մեջ գտնվելու կարճ ժամանակահատվածից հետո Բեռլուսկոնիի կուսակցությունը, որն արդեն կոչվում էր «Ազատության ժողովուրդ», և նրա դաշնակիցները ջախջախիչ հաղթանակ տարան 2008 թվականի ընտրություններում։ Այս անգամ Բեռլուսկոնին վարչապետի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2011 թվականի նոյեմբերը, երբ զարգացող տնտեսական ճգնաժամի և Իտալիայի սուվերեն պարտքի նկատմամբ եվրոպական բորսաների անվստահության ֆոնին նա ստիպված էր հեռանալ պաշտոնից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ