Կեղեքող էլիտան պետք է փոխարինվի առաջնորդող էլիտայով. Նիկոլ Փաշինյան

Աննա Կոստանյան 12.06.2021 - 14:38
12.06.2021 - 14:38 դիտում

«Վերջին երեք տարվա ամենամեծ պրոբլեմը եղել է այն, որ մենք հանգամանքների բերումով չենք կարողացել կեղեքող էլիտայի ամբողջական փոփոխություն անել: Այս ընտրություններում մեր խնդիրը երկրում երկար տարիներ հաստատված կեղեքող էլիտան առաջնորդող էլիտայով փոխարինելու մեջ է: Այս խնդիրը լուծելու համար այս ընտրություններում մեզնից պահանջվում է ոչ թե պարզապես հաղթել, այլ իրականացնել մի նոր հեղափոխություն, որը մենք անվանում ենք ոչ բռնի, բայց պողպատյա ժողովրդական հեղափոխություն: Կեղեքող էլիտան իր երկարաժամկետ իշխանությունն ապահովել է առաջին հերթին ժողովրդին, զանգվածներին զրկելով պատշաճ կրթությունից»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ քաղաքացիների հետ հանդիպմանը:

Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց կրթության ոլորտում Կառավարության վերջին տարիներին իրականացրած բարեփոխումները:

«2019-ից առաջ երեխաները դպրոց ընդունվում էին ուղղակի ծնող-դպրոցի տնօրեն բանակցությունների միջոցով: Մենք փոխեցինք այդ համակարգը, և հիմա առաջին դասարանցիները դպրոց տեղավորվում են էլեկտրոնային համակարգի միջոցով»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ մինչ այդ երկրում հաստատվել էր երկու կարգի դպրոց՝ էլիտար դպրոցներ և, այսպես ասած, ժողովրդական դպրոցներ:

«Նրանք այդտեղ տեղավորում էին այդ կեղեքող էլիտայի երեխաներին, իսկ մեր՝ ժողովրդի երեխաներին ուղարկում էին անգրագետ դառնալու: Եվ դրա արդյունքները մենք տեսանք 2019-ին իրականացված մի հետազոտության արդյունքում, երբ պարզվեց, որ երկրում 10 տարեկան երեխաների 30 տոկոսը անգրագետ է, կարդալ չգիտի: Կեղեքող էլիտան պետք է փոխարինվի առաջնորդող էլիտայով»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝ փսևդոէլիտար այդ մոտեցումը երևում է ընդհուպ ասֆալտապատման ծրագրերից:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իրենց իշխանության օրոք հանրապետությունում իրականացված լայնամասշտաբ ասֆալտապատման ծրագրերը:

«Նախկինում ասֆալտապատում էին այն ճանապարհները, որոնք տանում էին իրենց զվարճանքի վայրեր ու խրախճանքի տեղեր: Մենք եկել ենք ու տասնյակ, 100-ավոր կիլոմետրերով ճանապարհներ ենք կառուցել, որոնք տանում են դեպի մոռացված գյուղեր, և դա մեր առաջին արշավն է եղել այդ փսևդոէլիտայի նկատմամբ՝ ասելով՝ մենք թույլ չենք տա այդ էլիտային կեղեքել մեր ժողովրդին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ