ԿԳՄՍ-ն մտածում է սպորտի մասսայականացման մասին

Հրաչ Սահակյան 21.02.2022 - 13:51
21.02.2022 - 13:51 դիտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բնագավառում 2022 թվականին տարվող աշխատանքների վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍ պաշտոնական կայքը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ այս պահին աշխատում են մասսայականությունը մարզեր տարածելու նշանաբանով:

«Կան մարզեր, որոնց հետ խնդիր չկա՝ Շիրակը, Լոռին, Վայոց Ձորը, Գեղարքունիքը, բայց մարզեր էլ կան, որոնց հետ պետք է ավելի սերտ համագործակցություն ապահովենք և բացառենք բոլոր խնդիրները։ Այս տարի «Վարչապետի գավաթի» 4 սիրողական մրցաշար ենք անցկացնելու՝ նախորդ տարվա երկուսի փոխարեն։ Այդ մրցումներից մեկն արդեն մեկնարկել է` սեղանի թենիսի սիրողական մրցաշարը: Մրցումներից հետո բոլոր սեղանները, որոնք պրոֆեսիոնալ ստանտարդի են, տրամադրելու ենք մարզերին ու Երևանին: Գեղարքունիքի մարզն այս տարի երկու մրցում կընդունի, լողի և հեծանվավազքի սիրողական մրցաշարերը: Դեռևս հստակություն չկա, թե որ մարզում կանցկացնենք սիրողական կրոսավազքի մրցումները՝ Արմավիրում, թե Արարատում», – ասել է Կարեն Գիլոյանը:

Սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը նշել է, որ այս տարի ևս երեք մասսայական միջոցառում է նախատեսվում` արդեն դպրոցականների համար: 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների համար կկազմակերպվի սպորտլանդիա, իսկ 7-12-րդ դասարանցիների համար՝ սպարտակիադա: Այս տարի կանցկացվեն նաև ռազմամարզական խաղեր:

ՀՀ մարզպետարանների կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետները հանդիպման ժամանակ բարձրացրել են տարատեսակ հարցեր՝ կապված աշխատանքային որոշակի խնդիրների, գույքային հարցերի հետ: Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը խոստացել է ուսումնասիրել և լուծում տալ դրանց:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ