ԿԳՄՍՆ-ն տվյալներ է հրապարակել ըմբիշներին տրամադրված ֆինանսական հատկացումների վերաբերյալ

14.04.2022 - 19:14 դիտում

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները վերջին շրջանում բարձրաձայնում են մարզաձևում առկա մի շարք և, մասնավորապես, ֆինանսական խնդիրների մասին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է պաշտոնական որոշ տվյալներ՝ 2021 և 2022 թվականներին ըմբիշներին տրամադրված ֆինանսական հատկացումների վերաբերյալ:

2021 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացված տարբեր ծրագրերի արդյունքում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր և Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից Արսեն Հարությունյանը ստացել է 14 մլն 851 հազար դրամ:

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանի պարագայում այդ գումարը 2021 թվականի կտրվածքով կազմել է 14 մլն 475 հազար դրամ: Ըմբիշ Գևորգ Ղարիբյանը ստացել է 8 մլն 214 հազար դրամ:

Վազգեն Թևանյանը ստացել է 5 մլն 558 հազար դրամ:

Սլավիկ Գալստյանը ստացել է ավելի քան 5 մլն դրամ:

2022 թվականի առաջին եռամսյակում Արսեն Հարությունյանն արդեն իսկ ստացել է ավելի քան 1 մլն դրամ, Սլավիկ Գալստյանը՝ 720 հազար, իսկ Վազգեն Թևանյանը՝ 540 հազար դրամ:

«Ինչ վերաբերում է ըմբիշների բարձրաձայնած մյուս՝ վնասվածքների բուժման խնդրին, ապա նշենք, որ մարզիկների բուժզննման և վնասվածքների բուժման ապահովմամբ զբաղվում է «Սպորտային բժշկության կենտրոնը», որը 2021 թվականից գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության ներքո: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային 12 մլն դրամ է հատկացվել՝ դեղորայքի, հավելումների և վիտամինների ձեռքբերման համար:

Հավելենք, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի 2022 թվականի ֆինանսավորումը 338 մլն 320 հազար դրամ է կազմում:

ԿԳՄՍ նախարարությունն այս գումարը հատկացնում է տարվա ընթացքում ներքին մրցումների կազմակերպման, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի առաջնություններին պատշաճ նախապատրաստության և մասնակցության համար»,- հայտնում են նախարարությունից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ