Կասեցվել է նաև «Պիցցա Տաշիր»-ի Էջմիածնի մասնաճյուղի գործունեությունը

Աստղիկ Խաչատրյան 19.06.2025 - 19:28
19.06.2025 - 19:28 դիտում

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում:

Այս մասին հայտնել են տեսչական մարմնից:

ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Էջմիածին քաղաքի Մաշտոցի 110 հասցեում գործող մասնաճյուղում անցկացվող ստուգման ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ.

հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,

առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի ունեցել հարթ-նորոգ մակերես:

Մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Ավելի վաղ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարությունյանը, ի պատասխան «Պիցցա Տաշիր» ընկերության մասնաճյուղերում արդեն մի քանի օր շարունակվող ստուգումների և որոշ մասնաճյուղերում աշխատանքի կասեցումների մասին հայտարարությունների, հայտնել է, որ ընկերությունն ինքն է 1-2 շաբաթ առաջ դիմել ՍԱՏՄ՝ մասնաճյուղերում վերահսկողություն իրականացնելու խնդրանքով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ