Կառավարությունը 329 մլն դրամ հատկացրեց աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագրի համար

Աննա Կոստանյան 14.10.2021 - 13:26
14.10.2021 - 13:26 դիտում

Կառավարությունը 329 մլն դրամ հատկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ «ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թվականի պետական աջակցություն» ծրագրի համար: Այս ծրագրի շրջանակներում սուբսիդավորվելու է 1 կգ ցորենի համար սահմանված նվազագույն շահավետ գնի 70 դրամը:

«Անցած տարի է ծրագիրն առաջին անգամ գործարկվել: Ունենք կարծիքներ, որ ծրագիրը լավն է: Որոշեցինք այս անգամ էլ առաջարկել ծրագիրն իրագործել: Եթե միջինը 1.8 տ բերքատվություն կա սովորական բերքի ժամանակ, ապա այս բարձրորակ սերմերի պարագայում բերքատվությունը ավելի քան 3 տ է: Մենք մոտավորապես նոյեմբերի վերջին արդեն կամփոփենք անցած տարվա ծրագրի տվյալները, բայց կարծում ենք, որ այն բավական հաջող է անցել: Գարնանացանը, հիշում եք՝ որոշակի բարդություններով անցավ, որովհետև սերմեր ներկրելու խնդիր ունեինք Լարսի փակ լինելու պատճառով: Այդտեղ մոտավորապես 3200 տոննայի կարգի ենք ունեցել ընդհանուր ծավալը: Այս տարի ակնկալում ենք, որ անցած աշնանացանից ավելի շատ կլինի»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը էլ նշեց. «Մեր ուսումնասիրությունների արդյունքում արձանագրեցինք, որ շատ դեպքերում գյուղատնտեսությամբ զբաղվող մեր քաղաքացիները ֆինանսական խնայողություններ անելու պատճառով ոչ թե բարձրորակ սերմացու են ցանում, այլ ուղղակի իրենց նախորդ բերքից ստացած կամ շուկայից սովորական ցորեն կամ հացահատիկ են վերցնում և ցանում, ինչը ի սկզբանե որևէ արդյունավետություն չի խոստանում: Մենք այս ծրագիրը ստեղծեցինք հետևյալ նկատառումով. մենք քաղաքացուն ասում ենք, որ, ենթադրենք, եթե դուք 70 դրամ եք տալիս սովորական ցորեն գնելու և այն որպես սերմ օգտագործելու համար, մենք ձեր այդ գումարին լրացուցիչ ավելացնում ենք այնքան, որպեսզի դուք կարողանաք լիցենզավորված սերմ գնել»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ