Կառավարությունը 2 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար

Աննա Կոստանյան 23.11.2023 - 17:27
23.11.2023 - 17:27 դիտում

Կառավարությունն ընդունել որոշում, որով նախատեսվում է պետբյուջեից հատկացնել 2 մլրդ դրամ՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 40 000 անձանց նոյեմբեր ամսվա ֆինանսական աջակցությունը տրամադրելու համար: 2023 թ. նոյեմբերի 9-ի որոշմամբ հաստատվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Ըստ այդմ, նախատեսվում է նրանց ցուցաբերել սոցիալական աջակցություն՝ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար՝ ամսական 50000 դրամ՝ առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հիշեցրել է, թե ովքեր կարող են օգտվել այս ծրագրից։ «Նախ ծրագրից կարող են օգտվել 100 հազար դրամ միանվագ աջակցության շահառուները, իսկ միջոցառումից չեն կարող օգտվել նրանք, ում բանկային հաշիվներում հոկտեմբերի 2-ի դրությամբ եղել է 2 միլիոն դրամից ավել գումար, Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում ունեցել են հաշվառում սեպտեմբերի 19-ից առաջ, բացակայում են Հայաստանի Հանրապետությունից կամ նոյեմբերի 15-ի դրությամբ բնակվում են հյուրանոցներում և հյուրատներում»,- ասել է նախարարը։

Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100000 քաղաքացիների 6 ամիս ժամկետով սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 40000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար: Ըստ այդմ՝ ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 1 մլրդ դրամ: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ պետբյուջեից արդեն իսկ հատկացվել է 4.95 մլրդ դրամ (վճարվել է 99820 շահառուի)՝ հոկտեմբեր ամսվա աջակցության գումարը տրամադրելու համար, որը սակայն չի բավարարել հոկտեմբերի գումարը բոլոր շահառուներին տրամադրելու համար:

Անդրադառնալով ընդունված որոշմանը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է. «Նոյեմբեր ամսվա 40+10-հազարական դրամների համար 1 միլիարդ հատկացրեցինք, բայց ես ուզում եմ մեկ կարևոր հանգամանք պարզաբանել: Սկսած նոյեմբերի ամսից՝ միջազգային կազմակերպությունները, որոնք իրենց աջակցությունը ցուցաբերում են ոչ թե բյուջեին գումար հատկացնելու եղանակով, այլ մենք համագործակցում ենք, որ իրենք վճարումներ կատարում են իրենց հաշիվներից, բայց մեզ հետ համագործակցաբար: Մենք արդեն այս միջոցառման շրջանակում ունենք պայմանավորվածություններ, որ որոշակի քանակությամբ շահառուներ իրենց 40+10-հազարականները կստանան միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին: Սա կարևոր հանգամանք է, դա է նաև պատճառը, թե ինչու ենք մենք 1 մլրդ հատկացնում»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը մանրամասներ է ներկայացրել իրականացվող աջակցության այլ ծրագրերի ընթացքի վերաբերյալ: Մասնավորապես նշվել է, որ 100 հազարական դրամ միանվագ աջակցության ծրագրից օգտվել է 108336 անձ: Անդրադարձ է կատարվել նաև «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որն ամբողջությամբ ընդունվել է: Օրենսդրական նախաձեռնության նպատակն է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, մայրության նպաստի (չաշխատող անձին նշանակվող) իրավունքի իրացման ընթացակարգերի հստակեցումն է՝ այդ ընթացակարգերի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը Կառավարությանը վերապահելու միջոցով: Կգործարկվի էլեկտրոնային հարթակ, որին կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր արդեն Լեռնային Ղարաբաղում ունեցել են այդ իրավունքը: Արդյունքում՝ ինքնաշխատ տարբերակով դա կընդունվի ի գիտություն, և նրանք կկարողանան իրացնել կենսաթոշակ, նպաստ ստանալու իրենց իրավունքը: Իսկ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր նոր են ստանալու կենսաթոշակի կամ նպաստի իրավունք, պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, դիմում ներկայացնել, որից հետո սահմանված ընթացակարգով նրանց կենսաթոշակ կամ նպաստ կնշանակվի: Վերոնշյալ անձինք պետք է գրանցված լինեն Հայաստանի Հանրապետության որևիցե հասցեում:

Վարչապետը մեկ անգամ ևս ընդգծել է իրականացվող սոցիալական աջակցության միջոցառումների վերաբերյալ պատշաճ իրազեկում իրականացնելու կարևորությունը և նշել. «Մեր քաղաքականությունը ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների վերաբերյալ հետևյալն է՝ այն պայմաններում, երբ նրանք օբյեկտիվ հնարավորություն կամ ցանկություն չունենան ԼՂ վերադառնալ՝ ամեն ինչ անել, որպեսզի նրանք մնան ՀՀ-ում: Եվ պետք է գոհունակությամբ արձանագրեմ, որ, ըստ էության, մենք վերլուծում և տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների հոսք, որպես այդպիսին, չկա: Այսինքն՝ արտագաղթի երևույթներ չկան: Առաջին օրերին կար բավականին անհանգստացնող թիվ գնացողների, բայց մենք ենթադրում էինք, որ շատ դեպքերում մարդիկ ուղղակի այցելում էին հարազատների հրավերով և վերադառնում են: Մենք տեսնում ենք, որ վիճակը կայունացել է, ինչն, իմիջիայլոց, կարևոր ազդակ է մեր կողմից կայացվող որոշումները գնահատելու առումով, որովհետև սա նշանակում է, որ, այնուամենայնիվ, որոշումները որոշակի շատ էֆեկտ են ունենում: Խնդրում եմ իմ խոսքերը չմեկնաբանվեն որևէ կերպ, թե մենք ասում ենք, որ այդ մարդկանց բոլոր պրոբլեմները լուծել ենք»:

Վարչապետի խոսքով՝ ինչ-որ պահի Հայաստանի կառավարության քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների նկատմամբ կդառնա նույնը, ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ. «Գաղափարը հետևյալն է, որ բարեկեցությունը ձևավորվում է աշխատանքի միջոցով»:

Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաև Հայաստանում գրանցված աշխատատեղերի թվին և նշել. «Ես պիտի նաև ուրախությամբ արձանագրեմ, որ 2023թ. հոկտեմբերի տվյալներով մենք Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ ունենք և գերազանցել ենք 730 հազար թիվը: 2018թ. մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է շուրջ 183 հազար նոր աշխատատեղ, և մեր տնտեսական դինամիկան ցույց է տալիս, որ այդ աշխատատեղերը կշարունակեն ստեղծվել: Մենք հույս ունենք, որ նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին աշխատանքի շուկայում և տնտեսական համակարգում լիարժեք ներգրավվելու արդյունքում մեր այս դինամիկան նույնիսկ ավելի լավը կլինի»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ