Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների

Աստղիկ Խաչատրյան 22.05.2025 - 20:04
22.05.2025 - 20:04 դիտում

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ քրեական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին: Մասնավորապես՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն արարքի կատարումը կնախատեսվի որպես հանցագործություն։ Միաժամանակ, մասամբ կխստացվի Քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվությունը։ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կարգելվի արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքին նմանվող և արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը 18 տարին չլրացած անձանց, իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով վարչական պատասխանատվություն կսահմանվի համապատասխան սուբյեկտների կողմից 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքին նմանվող և արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաներ, սարքեր կամ գործիքներ վաճառելու, նշված անձանց այդ առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքին ներգրավելու, ինչպես նաև՝ 16-ից մինչև 18 տարեկան անձանց կողմից նշված առարկաները, սարքերը կամ գործիքները կրելու համար։ «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի ոստիկանության՝ շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նույնականացնելու իրավունքը։

Կառավարությունը հավանություն է տվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծի փոփոխությամբ ամրագրվում է, որ անշարժ գույքի պետական ռեգիստր դիմելու համար որպես առաջնային և հիմնական տարբերակ դիտարկվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգը, իսկ սպասարկման գրասենյակ այցելելը՝ որպես բացառություն oրենքով հստակ սահմանված դեպքերի համար: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նաև հստակ սահմանել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, դրանց դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կադաստրի կոմիտեի թղթայի տարբերակով ներկայացման և դրանք էլեկտրոնային տարբերակի վերածելու կարգը:

Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման արդյունքում ընդերքօգտագործման իրավունք կրող՝ գետաողողատային տիպի հանքավայրերից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից տվյալ գետի գետաողողատներից արդյունահանում իրականացնելիս գետի հունից ավազի արդյունահանման, ընդերքի օգտագործման ընթացքում շրջակա միջավայրին սպառնացող հնարավոր վնասի տեսանկյունից անթույլատրելի և (կամ) անդառնալի գնահատվող դեպքերի բացառում:

Գործադիրը հավանություն է տվել «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի հիմնադրման վերաբերյալ» շրջանակային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ դաշինքին միանալը կհանդիսանա որպես լայն հնարավորություն մեր երկրի կենդանական աշխարհի հազվագյուտ և արժեքավոր ներկայացուցիչների պահպանման և թվաքանակի ավելացման հարցում: Դաշինքի հետ փոխգործակցությունը թույլ կտա փոխանակել լավագույն փորձը, համատեղ հետազոտությունները, մոնիտորինգը, խնդրի ավելի մանրամասն ուսումնասիրությունը և խոշոր կատվազգիների պաշտպանությանն ուղղված միջոցառումների կատարելագործումը: Դաշինքը կտրամադրի հարթակ խոշոր կատվազգիների պաշտպանության և պահպանման ոլորտում լավագույն փորձի, հետազոտությունների և զարգացման, իրազեկության բարձրացման և այլնի վերաբերյալ տեղեկատվության տարածման համար, ինչպես նաև հնարավորություն կընձեռի մաս կազմելու մասնագիտացված գլոբալ միավորման, որի հիմնական նպատակն է լինելու աշխարհի խոշոր կատվազգիների պաշտպանությունն և պահպանությունը: Դաշինքը հանդես կգա նաև որպես շահերի պաշտպան՝ բազմակողմ բնապահպանական համաձայնագրերի իրականացման գործում։

Հավանություն է տրվել «Բռնության և ոտնձգության մասին կոնվենցիա, 2019 թ. (թիվ 190)» կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Կոնվենցիան սահմանում է աշխատանքում «բռնություն և ոտնձգություն» եզրույթը, ինչպես նաև անդամ պետության գործողությունները աշխատանքում բռնությունն ու ոտնձգությունը կանխելու և բացառելու ուղղությամբ։ Կոնվենցիան կիրառվում է և՛ մասնավոր, և՛ պետական հատվածներում, ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ տնտեսությունում։ Այն կիրառվում է աշխատանքում բռնության և ոտնձգության նկատմամբ, որոնք տեղի են ունենում աշխատանքի ընթացքում, կապված են աշխատանքի հետ կամ բխում են դրանից։ Կոնվենցիայի վավերացումը կխթանի, մասնավորապես՝ աշխատավայրի անվտանգության և առողջության պահպանմանը. կոնվենցիայի վավերացումը կամրապնդի Հայաստանի հանձնառությունը` ապահովելու անվտանգ և առողջ աշխատատեղեր բոլոր աշխատողների համար: Կոնվենցիան անդրադառնում է աշխատանքային հարաբերություններում բռնությանը և ոտնձգություններին, ինչը կարևոր է աշխատողների անվտանգության և բարեկեցության բարելավման համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ