Կառավարությունը հաստատեց. բուքմեյքերական գրասենյակները կտեղակայվեն մարդաշատ վայրերից հեռու

Աննա Կոստանյան 17.09.2020 - 13:11
17.09.2020 - 13:11 դիտում

Հայաստանում բուքմեյքերական գրասենյակները կգտնվեն կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից որոշակի հեռավորության վրա։ Կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստում ընդունեց Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը և չափանիշները հաստատելու մասին նախագիծը։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ներկայումս վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում: «Այս փաստը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` վիճակախաղերով հրապուրվելու վտանգ ստեղծելով»,- ասաց նախարարը:

Այսպիսով նախագծով առաջարկվում է Երևան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում՝ ուղիղ գծով առնվազն 150 մետր, Կոտայքի մարզի վարչական կենտրոնում և Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի վարչական կենտրոնում և Սևանի համայնքի վարչական, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի վարչական կենտրոններում` ուղիղ գծով առնվազն 100 մետր, Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնում և Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի վարչական կենտրոնում և Մեղրի համայնքի վարչական սահմաններում և Տավուշի մարզի վարչական կենտրոնում` ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու տեղակայել որևէ կրթական և պատմամշակութային հաստատությունից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից։

Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը։

Ի պատասխան վարչապետի հարցի՝ Ջանջուղազյանը նշեց նաև, որ գազալցակայաններից հանվել են խաղային ապարատները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ