Կառավարությունը լրացուցիչ 300 մլն դրամ կտրամադրի շուրջ 410 ընտանիքի հիփոթեքի մայր գումարը նվազեցնելու համար

26.06.2025 - 14:23 դիտում

Առաջարկվում է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության՝ 2024-2026 թվականների ծրագրերով նախատեսված վճարումները կատարելու համար 2025 թվականի երկրորդ եռամսյակի բյուջեն համալրել լրացուցիչ ֆինանսական միջոցներով: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հունիսի 26-ի նիստին ներկայացրեց ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ նշելով, որ ծրագրի շրջանակում 2022 թվականի համար հաստատված բյուջեն կազմում է 1,8 մլրդ դրամ, որը համամասնորեն բաշխվել էր ըստ եռամսյակների:

«Ծրագրերը շարունակում են գրանցել բարձր դիմելիություն, և առաջին կիսամյակի համար նախատեսված ֆինանսական միջոցները սպառվել են, ուստի ահրաժեշտություն է առաջացել շահառու ճանաչված անձանց շրջանում վճարումներ իրականացնելու համար հատկացնել լրացուցիչ 300 մլն դրամ շուրջ 410 ընտանիքների համար:

Հունիսi 1-ի դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 1164 ընտանիք, որոնց վճարվել է շուրջ 900 մլն դրամ: Ծրագրի մեկնարկից՝ 2020 թվականի հուլիսի 1-ից մինչ 2025 թվականի հունիսի 1-ը, արդեն աջակցություն է ստացել 13,285 շահառու ընտանիք, իսկ փոխանցված ընդհանուր դրամական միջոցները կազմում եմ շուրջ 9,5 մլրդ դրամ»,- ասաց նախարարի տեղակալը՝ հավելելով, որ աջակցություն ստացած շահառուների թվի աճը պայմանավորված է ծրագրի վերաբերյալ ակտիվ իրազեկման աշխատանքներով և շահառուների շրջանում մեծ հետաքրքրությամբ:

Նախարարի տեղակալը նաև նշեց, որ ծրագրին դիմելիության ներկայիս տեմպը պահպանվելու դեպքում հավանաբար կրկին լինի անհրաժեշտություն՝ ֆինանսական միջոցների նոր հայտ ներկայացնելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ սա այն դեպքն է, որ հաճույքով կկայացնեն ֆինանսական միջոցների ավելացման որոշումը, որովհետև խոսքը ընտանիքում երեխայի ծնվելու կապակցությամբ բնակարան ձեռք բերելու հարցում ընտանիքներին աջակցություն տրամադրելու մասին է:

Նախարարի տեղակալը մանրամասնեց՝ խոսքը մարզային բնակավայրում բնակարան ձեռք բերելու մասին է: Եթե ընտանիքում կա երկու անչափահաս, ապա պետությունը աջակցում է՝ հիփոթեքի կանխավճարին որոշակի գումար ավելացնելով: Իսկ եթե երեխա է ծնվում այն ընտանիքում, որտեղ ընտանիքն ունի հիփոթեք, ապա այդ դեպքում պետությունը առաջին և երկրորդ երեխաների ծնունդի դեպքում մինչև 500 հազար դրամ է տրամադրում մայր գումարի մարմանը, երրորդ և յուրաքանչյուր հաջորդի դեպքում՝ 2 մլն դրամ դրամ:

Այս համատեքստում Փաշինյանը նկատեց, որ ժողովրդագրության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին վկայում են ցուցանիշներ, և պետք է ստեղծել ծրագրեր, որոնք կխթանեն երեխաների ծնելիության աճին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ