Կապահովեք, որ 20 ծանրաձողն օր առաջ լինի ծանրամարտի հավաքականի տրամադրության տակ. Փաշինյանը՝ Դումանյանին

1.07.2021 - 12:13 դիտում

Ծանրամարտի բոլոր տարիքային խմբերի տղամարդկանց և կանանց հավաքական թիմերի մարզիկների ամենօրյա մարզումները Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի չափորոշիչներին համապատասխան մարզագույքով իրականացնելու համար լրացուցիչ ֆինանսական ներդրումների անհրաժեշտություն է առաջացել. Կառավարության նիստին հայտնեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: Ներկայացված նախագծով առաջարկվեց նախարարությանը հատկացված գումարներից վերաբաշխում անել և թույլատրել, որ Ծանրամարտի ֆեդերացիան անհրաժեշտ գույքը ձեռք բերի մեկ անձից գնման եղանակով:

«Հավաքական թիմի անդամները մինչև Օլիմպիական խաղերի սկիզբը պետք է որոշակի ժամանակահատված հասցնեն մարզվել նոր՝ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից ամառային Օլիմպիական խաղերի համար արտոնագրված մարզագույքով»,- ասաց Դումանյանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ պատմեց, որ ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմի հետ հանդիպմանն իր համար անակնկալ կերպով պարզել է՝ միջազգային չափանիշներին համապատասխան ծանրաձողեր չունեին: Փաշինյանը պատմեց, որ հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 27-ին: Նա Դումանյանին հարցրեց՝ ինչո՞ւ է երկու ամիս անց կայացվում որոշումը, և ե՞րբ ծանրաձողերը տեղում կլինեն՝ հաշվի առնելով, որ Օլիմպիական խաղերը կայանալու են 2021-ի օգոստոսին:

«Ուզում եմ պայմանավորվենք, որ չեմ հանդուրժելու նման գործելակերպը: Կառավարությունը, նախարարությունը, աշխատակազմը նրա համար են, որ գնան ու հարցի լուծումը գտնեն: Հիմա կապահովեք, որ 20 ծանրաձողն օր առաջ լինի հավաքականի տրամադրության տակ: Պայմանավորվում ենք, որ սա վերջին դեպքն է, երբ նման իրավիճակի ենք բախվում: Սա վերաբերում է բոլոր գերատեսչություններին ու պաշտոնյաներին»,- ասաց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ