Կանոնավոր կերպով վեյփ օգտագործող երիտասարդները նույն վնասն են հասցնում թոքերին, ինչ ավանդական ծխախոտ ծխողները. ԱՆ

31.05.2025 - 12:19 դիտում

Այսօր աշխարհում նշվում է Առանց ծխախոտի համաշխարhային օրը: Տարվա կարգախոսն է` «Բացահայտենք քողարկված գրավչությունը»: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Վեյփինգի թաքնված վտանգները` հատկապես դեռահասների համար

Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը (վեյփինգը) մեծ տարածում է գտել դեռահասների շրջանում, հատկապես քաղցր, մրգային համերի շնորհիվ, որոնք առաջին հայացքից անվնաս են թվում։ Այդ համերի հետևում, սակայն, լուրջ առողջական վտանգ է թաքնված։

Էլեկտրոնային հեղուկներում օգտագործվում են հազարավոր ծանր թունավոր քիմիական նյութեր, և տաքացման դեպքում դրանք կարող են վերածվել թունավոր միացությունների, որոնք ուղիղ հասնում են թոքերին։ Այդպիսի նյութերից են, օրինակ` բենզալդեհիդը, ցինամալդեհիդը կամ դիացետիլը, որի ազդեցությամբ է պայմանավորված թոքերի մանր բջիջների ախտահարումը` բրոնխիոլիտը (հայտնի որպես «փոփքորն թոք»):

Այս քիմիական նյութերը ներշնչելու հետևանքով, շրջանցելով մարմնի բնական զտիչները, վայրկյանների ընթացքում հասնում են թոքեր և արյան հոսքին՝ առաջացնելով արագ և ուղղակի վնաս։

2019 թվականին ԱՄՆ-ում արձանագրվել են վեյփինգի պատճառով թոքերի ախտահարման բարձր ցուցանիշներ, որը հայտնի է EVALI անունով։ Հազարավոր մարդիկ` հիմնականում երիտասարդներ, հոսպիտալացվել են, նույնիսկ մահացու ելքեր գրանցվել։

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը` որպես հիմնական պատճառ, նշել է վիտամին E ացետատը, որը հաճախ հանդիպում է էլեկտրոնային ծխախոտներում։ Վիտամին E-ն անվտանգ է որպես վիտամինային հաբ օգտագործելու համար, սակայն յուղային կաթիլների ներշնչումը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ երիտասարդները, որոնք կանոնավոր վեյփ են օգտագործում, նույն վնասն են հասցնում թոքերին, ինչ ավանդական ծխախոտ ծխողները և կասկածի տակ դնում էլեկտրոնային ծխախոտի ավելի անվտանգ լինելու գաղափարը:

Վեյփինգը կարող է անվնաս թվալ, բայց այն անվնաս չէ: Քիմիական խառնուրդների ներշնչումը կարող է հանգեցնել թոքերի քրոնիկ հիվանդությունների` կրճատելով կյանքի տևողությունը։ Այս արտադրանքը գուցե նորաձև է թվում, սակայն կարող է լուրջ առողջական խնդրի վերածվել ընդամենը մի քանի շաբաթվա կամ ամսվա ընթացքում։

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է. չկա ծխախոտային կամ նիկոտին պարունակող որևէ անվտանգ արտադրանք կամ դրանց օգտագործման անվնաս չափաբաժին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ