Կանադայի ԱԳ նախարարը հայտարարել է Հայաստանում ժողովրդավարության աջակցությանն ուղղված նոր առաքելության մասին

Աստղիկ Խաչատրյան 26.06.2021 - 13:47
26.06.2021 - 13:47 դիտում

Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն հայտարարել է, որ Գերմանիայում այդ երկրի դեսպան և Եվրամիությունում հատուկ հանձնակատար Ստեֆան Դիոնը հատուկ առաքելություն կիրականացնի՝ ուսումնասիրելու, թե ինչպես կարող է Կանադան աջակցել հայկական ժողովրդավարությանը:

«Ուժեղ ժողովրդավարությունը Հայաստանում տարածաշրջանի կայունության կարևոր գործոններից է: Հատուկ հանձնակատար Դիոնը մշտապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարական հաջողություններին»,- նշել է Գարնոն՝ ընդգծելով, որ ժողովրդավարական զարգացումների վերաբերյալ Դիոնի հիմնարար գիտելիքները կօգնեն, որպեսզի այս առաքելությունը հաջող իրականացվի:

Հատուկ հանձնակատարն առաքելության ընթացքում կուսումնասիրի, թե ինչպես կարող է Կանադան աջակցել հայկական քաղաքացիական հասարակության ջանքերին, ամրացնել ժողովրդավարական ինստիտուտները, ավելացնել Հայաստանի ներգրավվածությունը բազմակողմ ինստիտուտներում և խթանելու ներառական տնտեսական աճը: Առաքելության նպատակն է ամրապնդել կանադական հասարակության աջակցությունը՝ ի շահ հայկական ժողովրդավարության:

Ստեֆան Դիոնի աշխատանքը շարունակվելու է մի քանի ամիս, դրանց ընթացքում նա առցանց խորհրդակցություններ է իրականացնելու ինչպես Կանադայում հետաքրքրված կողմերի, այնպես էլ Հայաստանի գործընկերների հետ: Նա այցելելու է նաև Հայաստան՝ հանդիպելու Հայաստանի կառավարության անդամների, գործընկեր դեսպանությունների, քաղաքացիական հասարակության խմբերի, միջազգային կազմակերպությունների, մասնավոր սեկտորի ու ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

«Այս առաքելությունն ընդգծում է, թե Կանադայի համար որքան կարևոր է Հայաստանում ժողովրդավարության հաջողությունը: Առաքելության ավարտին հատուկ հանձնակատարը զեկույց կներկայացնի նախարար Գարնոյին, այդ թվում և առաջարկներ, թե ինչպես կարող է Կանադան ապագայում Հայաստանի հետ առաջ տանել ժողովրդավարական հավակնությունների իրականացումը»,- ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Իր հերթին դեսպան Ստեֆան Դիոնն առաքելության պատասխանատու պաշտոնում նշանակվելու առնչությամբ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում՝ նշելով. «Ինձ համար պատիվ է նման հնարավորություն ստանալը՝ նպաստելու Կանադայի և Հայաստանի ժողովրդավարությունների կապերի ամրապնդմանը»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ