Կանադահայոց թեմի «Արցախի մարդասիրական հիմնադրամ»-ը հավաքել է շուրջ 119 հազար կանադական դոլար

Հրաչ Սահակյան 7.10.2020 - 01:49
7.10.2020 - 01:49 դիտում

Հայ Առաքելական եկեղեցու Կանադահաոց թեմի կողմից սեպտեմբերի հիմնադրած «Արցախի մարդասիրական հիմնադրամ»-ն արդեն հավաքել է շուրջ 119 հազար կանադական դոլար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Կանադահայոց թեմից։

«Ի շարունակութիւն մեր կոչին՝ սատար կանգնելու «Արցախի Մարդասիրական հիմնադրամ»-ին, որ հիմնադրուեցաւ 28 Սեպտեմբեր 2020-ին, Գանատահայոց Թեմի կողմէն, երախտապարտ ենք Ձեզ տեղեկացնելու, որ ս.թ. Հոկտեմբեր 6-ի դրութեամբ, Թեմը ստացած է գնահատելի արձագանգ, ուր եւ հաւաքուած է շուրջ 119,000 գանատական տոլար:

Գոհունակութեամբ Ձեր ուշադրութեան կը յանձնենք, որ «Հայկական կեդրոն»-ը (Centre Arménie) եւ «Տէրվիշեան հիմնադրամ»-ը խոստացան՝ Հոկտեմբեր 6, 2020-էն սկսեալ, Թեմիս «Արցախի Մարդասիրական հիմնադրամ»-ին կատարուելիք նուիրատուութիւններու գումարը կրկնապատկել մինչեւ $50,000 տոլար:

Մենք բարձր կը գնահատենք «Հայկական կեդրոն»-ի (Centre Arménie) եւ «Տէրվիշեան հիմնադրամ»-ի էական խթան հանդիսացող պատուական այս արարքը եւ բոլորիդ կը հրաուիրենք ու կը խրախուսենք շարունակել Ձեր սրտաբուխ առատաձեռն նուիրատուութիւնները՝ ի նպաստ ու օժանդակութիւն Արցախի եւ Հայաստանի մեր եղբայրներուն ու քոյրերուն:

Աստուածահաճոյ այս սխրագործութեան մասնակից դառնալու համար՝ կարող էք Ձեր նուիրատուութիւնները կատարել Թեմի կամ Ձեր ծուխի միջոցով:

Թող Ամենակարող Արարիչի Սուրբ Աջի զօրութիւնը պահէ պահպանէ Հայաստանն ու Արցախը, այսօր եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ