Կալանավորվել է հետախուզման մեջ գտնվող քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը

Աննա Կոստանյան 3.07.2023 - 17:57
3.07.2023 - 17:57 դիտում

Դեռևս 2016 թ. ապրիլին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում հայտնաբերվել և շորթում կատարելու մեղադրանքով կալանավորվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վրաստանի քաղաքացի Վ.Ա.-ն, 2016 թ. մարտին գտնվելով Հայաստանում, մարտի 26-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գործող ռեստորաններից մեկում մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ներկայանալով որպես «օրենքով գող», բռնություն է գործադրել իր հանձնարարությամբ ռեստորան կանչված ՀՀ քաղաքացի հանդիսացող անձի նկատմամբ, հնչեցրել վերջինիս ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք՝ պահանջելով իրենց հանձնել առանձնապես խոշոր չափերով՝ 9.600.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար գումար։ Այնուհետև տեղեկանալով, որ վերջինս ռեստորան է եկել «Ռենջ ռովեռ սպորտ» մակնիշի ավտոմեքենայով, նշված անձինք պահանջել են դրա բանալիները՝ որպես պահանջվող գումարն իրենց հանձնելու երաշխիք: Քաղաքացին, այլընտրանք չունենալով, Վ.Ա.-ի համառ պահանջով հանձնել է ավտոմեքենայի բանալիները, որից հետո ավտոմեքենան Կոմիտասի պողոտայի համապատասխան կայանատեղիից տեղափոխվել է նշված ռեստորանի հետնամաս, իսկ քաղաքացին հեռացել է։

Ձեռք բերված փաստերի հիման վրա 2016 թ. մայիսի 5-ին որոշում է կայացվել Վ. Ա.-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) որպես մեղադրյալ ներգրավելու մասին և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, որը բավարարվել է։ Վ. Ա.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Վերջինս հայտնաբերվել և արգելանքի է վերցվել Չեխիայի Հանրապետությունում։ Ապա իրավական համապատասխան գործընթացի արդյունքում նա 2023 թ. հունիսի 30-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։

Վ.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածով և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կիրառված կալանքի հարցը վերստին քննարկելու մասին։ Դատարանի որոշմամբ՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 1 ամիս ժամկետով։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. хանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ