Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ծանրամարտի տղամարդկանց թիմի մի շարք անդամների հետ գնացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող մանկատներից մեկի փոքրիկներին այցելության ու շնորհավորել նրանց հունիսի 1-ի առիթով:
«Հանդիպման ընթացքում երեխաները նկարվեցին աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների հետ ու մարզիկներից նվերներ, ինչպես նաև հավաքականի տղաների ստորագրությամբ խորհրդանշական շապիկ ստացան, իսկ ծանրորդները փորձեցին փոքրիկների պատրաստած թխվածքաբլիթները:
Այս օրը շատ կարևոր օր է երեխաների համար, և մենք ցանկացանք անպայման նրանց հետ լինել` տոնն ավելի ուրախ դարձնելու նրանց համար:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան մտադիր է նմատիպ նախաձեռնությունները շարունակական դարձնել»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հարությունյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ: