Ծաղկաձորում կատարված սպանության գործով հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է

Անի Հովհաննիսյան 25.10.2022 - 23:16
25.10.2022 - 23:16 դիտում

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, հետևողականորեն իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ստացան։ Տեղեկությունը ստուգվեց և իրացվեց հոկտեմբերի 24-ին։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Հրազդանի բաժնի ծառայողները մեկնեցին Վանաձոր։ Վանաձորի Աբովյան փողոցի հարակից զբոսայգում հայտնաբերեցին ու ձերբակալեցին 20-ամյա մի երիտասարդի։
Հիշեցնենք, որ այս տարվա hուլիսի 10-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով «Հրազդան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Ծաղկաձորի բնակիչ, 48-ամյա Վարդան Առաքելյանի դին՝ հրազենային վնասվածքներով: Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարույթային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել էր, որ Վարդան Առաքելյանը մտերիմներից մեկի հետ, նրա վարած «Նիվայով», գնացել էր Ծաղկաձորի Մայիսյան փողոց, որտեղ նա և 20-ամյա երիտասարդի հայրը վիճել էին, ինչից հետո երիտասարդը ինքնաձիգից կրակոցներ էր արձակել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Վարդան Առաքելյանը հրազենային վնասվածքներ էր ստացել ու մահացել։ Սեպտեմբերին 20-ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում և հայտարարվել հետախուզում:
20-ամյա երիտասարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նախաքննությունը շարունակվում է։

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ