Խորհրդարանը հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը

Գոհար Ստեփանյան 10.05.2021 - 21:53
10.05.2021 - 21:53 դիտում

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հովհաննես Իգիթյանը, պատվիրակության անդամներ Արման Եղոյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Մերի Գալստյանը, Սոնա Ղազարյանը մայիսի 10-ին հանդիպել են Հայաստան ժամանած ՖԽՎ պատվիրակության անդամների հետ:

Հովհաննես Իգիթյանը բարձր է գնահատել պատվիրակության անդամների` Հայաստան այցելելու նախաձեռնությունը, սահմանամերձ շրջաններ և նույնիսկ Արցախ մեկնելու պատրաստակամությունը նման դժվարին ժամանակահատվածում:

«Այս պատերազմի ընթացքում խախտվեց նաև Ֆրանկոֆոնիայի հռչակած հիմնական սկզբունքներից մեկը՝ ժողովրդի՝ խաղաղ, ինքնուրույն, բազմակողմանի զարգացման և ապրելու իրավունքը: Մենք համոզված ենք, որ ՖԽՎ-ն կշարունակի իր աջակցությունն Արցախի և հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանման հարցում:

Հայկական կողմը շնորհակալ է նաև ՖԽՎ անդամ երկրներին, որոնք իրենց ձայնն են բարձրացրել գերիների վերադարձի, հետպատերազմյան իրավիճակի կայունացման և խաղաղության հաստատման հարցերում»,- նշել է Հովհաննես Իգիթյանը՝ տեղեկացնելով, որ Արցախում գործում է Ֆրանկոֆոնյան տուն-թանգարան: Հայկական պատվիրակության ղեկավարը լավատես է և լիահույս, որ ժողովուրդը կհաղթահարի հետպատերազմական իրավիճակը և  կանդրադառնա Ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցությանը վերաբերող այլ հարցերի:

«Մենք սրտով, հոգով ձեզ հետ ենք այս դժվարին պայմաններում»,- նշել է ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան Շառլ Լուպերտոն՝ տեղեկացնելով, որ հանդիպել են նաեւ ՀՀ Մարդու իրավունքի պաշտպանին և ստացել հանգամանալից, ամբողջական տեղեկատվություն առկա իրավիճակի վերաբերյալ:

ՖԽՎ-ն ընդունել է մի շարք բանաձևեր՝ աշխարհի տարբեր կետերում պատմամշակութային արժեքների նկատմամբ իրականացված ոճրագործությունների վերաբերյալ: Նմանատիպ բանաձևի ընդունում նախատեսվում է նաև հայկական պատմամշակութային արժեքներն օկուպացված տարածքներում պահպանելու վերաբերյալ:

Պատգամավոր Սոնա Ղազարյանը նշել է, որ ամեն անգամ  ցավով են անդրադառնում պատմամշակութային կոթողների ավերման՝ սոցիալական ցանցերում տեղ գտած փաստերին: Նա առանձնացրել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հարցը՝ ընդգծելով, որ պատերազմի ժամանակ այն երկու անգամ ռմբակոծվել է և այժմ էլ վերանորոգման շղարշի ներքո ամբողջովին վերափոխվում է անհասկանալի կառույցի:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը բարձրացրել է հայ գերիներին պատանդ պահելու հարցը` նշելով, որ այն միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարում է:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությանը՝ նշելով, որ երկու պետությունները համալսարանի ընդլայնմանն ու զարգացմանը նպաստող նոր ուղիներ կգտնեն:

Պատվիրակության անդամները խոսել են նաև վերջին չորս տարիների համագործակցության արդյունքների, ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ