Խոսակցություն ադրբեջանական կողմի հետ ունենք, որոշակի ըմբռնում էլ. ԱԳ նախարար

Աննա Կոստանյան 5.06.2025 - 17:51
5.06.2025 - 17:51 դիտում

Դուք ասում եք՝ Ձեր կարծիքով ինչո՞ւ են կրակոցները հնչում, և ի՞նչ է արվում: Այդ մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով Սյունիքում կրակոցների վերաբերյալ լրագրողների հարցին:

«Իհարկե, մենք ադրբեջանական կողմին տեղեկացնում ենք կրակոցների մասին և ասում ենք, որ մեր տեղեկատվությամբ,- և փաստական տվյալներ ենք փոխանցում,- այդ կրակոցները հնչում են ադրբեջանական կողմից: Սա նաև հրապարակային ենք անում: Նույն կերպ ադրբեջանական կողմը իրենց հրապարակային անդրադարձերով և հանդիպումների ժամանակ ասում է՝ չէ, մենք չենք կրակում, դուք եք կրակում, մենք էլ ասում ենք՝ դե դուք տվեք փաստական ապացույցներ, և առաջարկում ենք ձևավորել համատեղ հետաքննող մեխանիզմ մասնագետների կողմից, որոնք կկարողանան ահազանգերի դեպքում մոտենալ կոնկրետ վայր և փորձել հանգամանքները ուսումնասիրել:

Խոսակցություն ադրբեջանական կողմի հետ ունենք, որոշակի ըմբռնում էլ, անկեղծ ասած: Ունե՞նք այդ մեխանիզմը վերջնական ձևավորած, թե՞ ոչ: Այս բոլորը հարցեր են, որտեղ որևէ մեկս, ցավոք սրտի, չի կարող միանշանակ ասել, որ վերջ, պայմանավորված է, փոխըմբռնում կա, հասկանում ենք: Միևնույն ժամանակ, չեմ կարող ասել, որ ընդհանրապես մերժողական կեցվածք է. ո՛չ մենք ենք ընդունում իրենց փաստարկները, ո՛չ իրենք են ընդունում մեր փաստարկները, ոչինչ չի արվում այս ուղղությամբ: Ո՛չ, աշխատանք կա գետնի վրա. լիարժեք, վերջնական, բոլորիս բավարարող՝ դեռ ոչ: Շատ նուրբ հարցերի մասին է»,- ասաց Միրզոյանը:

Նա նշեց, որ կան ԵՄ դիտորդները, որոնք արդեն մի քանի առիթով հանդես եկել են հայտարարությամբ: «Մի քանի այլ առիթով երբ որ արձանագրել ենք միջադեպ, ԵՄ դիտորդների արձագանքը, որքան ես եմ հասցրել հետևել, այն է, որ մենք չենք եղել տեղում, մի դեպք կա, որ նույնիսկ ինչ-որ բան էին ուզել, որ իրենց չէր տրամադրվել, ըստ այդմ չէին կարող եզրակացություն անել, հրապարակային հայտարարություն: Իրենց հետ էլ ունենք այս մասին խոսակցություն:

Թեման ամփոփելով՝ ուզում եմ ասել, որ այդ կրակոցներն անշուշտ մտահոգիչ են, այդ կրակոցները քննելու պատրաստակամություն կա մեր կողմից, ինչ-որ դրվագով, կարող ենք ասել, նաև, կարծես թե, ադրբեջանական կողմից: Այդ ուղղությամբ այս պահին աշխատանքներ արվում են. բավարար չափով, որ ամեն ինչ պարզվի, և բավարար չափով, որ վաղն էլ չլինի, ցավոք սրտի, ոչ»,- նշեց ԱԳ նախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ