Խոշոր ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աննա Կոստանյան 15.04.2024 - 16:28
15.04.2024 - 16:28 դիտում

Վրաստանի խորհրդարանում խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել «օտարերկրյա գործակալների» մասին սկանդալային օրինագծի քննարկման ժամանակ:

«Քաղաքացիներ» կուսակցության պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին ելույթի ժամանակ հարձակվել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ, «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ Մամուկա Մդինարաձեի վրա։

Այդ պահին, երբ Մդինարաձեն «Լելո» կուսակցության ներկայացուցիչ Աննա Նացվլիշվիլիի հետ վիճում էր աղմկահարույց նախագծի շուրջ, Էլիսաշվիլին մոտեցել է ամբիոնի մոտ կանգնած պատգամավորին և բռունցքով հարվածել նրա գլխին։

Դրանից հետո զանգվածային ծեծկռտուք է սկսվել:

Ընդդիմությունը դեմ է օրենքի ընդունմանը` պնդելով, որ դա կհանգեցնի ԵՄ-ից Վրաստանի հեռվացմանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի խորհրդարանը անվտանգության «դեղին մակարդակ» է սահմանել, քանի որ այսօր իրավական հարցերի հանձնաժողովում սկսվել է այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին») օրենքի նախագծի քննարկումը:

«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ «Ո՛չ ռուսական օրենքին» կարգախոսով հանրահավաք է ընթացել խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ, ևս մեկը հայտարարված է ժամը 19։00-ին։

Իշխող կուսակցությունը պնդում է, որ օրինագիծն ուղղված է բացառապես արտաքին ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների աշխատանքի թափանցիկության բարձրացմանը։ Որոշ հասարակական կազմակերպություններ օրինագիծն անվանում են ծայրահեղական:

Օրինագծի հակառակորդների մտավախությունները կապված են այն բանի հետ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր լրատվամիջոցները, բարեգործական, իրավապաշտպան և քաղաքացիական կազմակերպությունները, որոնք գոյություն ունեն արևմտյան դրամաշնորհների հաշվին, կարող են անվանվել «օտարերկրյա գործակալներ»։ Նմանատիպ միջոցներ կիրառվել են Ռուսաստանում՝ իշխանություններին քննադատող քաղաքացիական հասարակության խմբերին հեռացնելու համար. այնտեղ նույնպես ժամանակին ամեն ինչ բացատրվում էր թափանցիկությամբ։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ դա «ռուսական օրենք» է և խոստացել է վետո կիրառել դրա նկատմամբ։ Անցյալ տարի նա աջակցել է բողոքի ակցիաներին, երբ առաջին անգամ փորձ է արվել ընդունել օրենքը: Նախագահի վետոն խորհրդանշական է. իշխող կուսակցությունը բավականաչափ ձայն ունի այն տապալելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ