Խոշոր ավտովթար-հրդեհ Արագածոտնի մարզում

Գոհար Ստեփանյան 13.09.2020 - 17:15
13.09.2020 - 17:15 դիտում

Այսօր, սեպտեմբերի 13-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։   Ժամը 04։30-ի սահմաններում Nissan Teana մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աղձք-Տեղեր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս՝ կանաչ գոտու տարածքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և տարածվել։

Վարորդը բժշկական հետազոտման նպատակով դիմել է «Էջմիածին» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել կրակը։

Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց դիմած վարորդի ինքնությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ