Խաղաղության պայմանագրով պետք է ապահովվի Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը և անվտանգությունը. Արթուր Հովհաննիսյան

Աննա Կոստանյան 23.03.2023 - 13:25
23.03.2023 - 13:25 դիտում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանն այսօր տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում, ի պատասխան լրագրողների հարցերին, անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի գործընթացին, այս հարցում միջազգային գործընկերների հետ փոխգործակցությանը, ՀԱՊԿ-ի հետ հետագա համագործակցության հեռանկարներին:

«Ինչո՞ւ ընդդիմությունը ծանոթ չէ խաղաղության փաստաթղթի տարբերակներին և ընթացող գործընթացներին» հարցին ի պատասխան՝ Արթուր Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ ընդդիմությունն ունի այդ հարցերին տեղեկանալու բոլոր հնարավոր գործիքները:

Նրա խոսքով թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ պաշտոնատար այլ անձինք առաջարկել են, որ ընդդիմությունը ծանոթանա բանակցային գործընթացի նրբություններին, սակայն որևէ պատասխան դեռևս չի արձանագրվել, ընդդիմությունը հրաժարվել է տեղեկացված լինել բանակցային գործընթացից:

«Մի դիտարկում ունեմ. տեղեկատվություն կրելը նաև պատասխանատվություն է ենթադրում: Սա գնահատում եմ ընդդիմության կողմից պատասխանատվությունից խուսափում»,- ընդգծել է խմբակցության քարտուղարը: Արուսյակ Ջուլհակյանը հիշեցրել է այս հարցում նաև ՀՀ վարչապետի պատրաստակամության մասին:

Խաղաղության պայմանագրի առկայության պայմաններում անգամ հնարավոր նոր էսկալացիայի մասին լրագրողի հարցի վերաբերյալ Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է, որ այս պահին ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է ագրեսիվ, ապակառուցողական հռետորաբանությունը, շարունակում է ճնշում գործադրել ԼՂ բնակչության վրա, ապօրինաբար փակ պահել Լաչինի միջանցքը, իսկ փաստաթղթերում դեռևս տեղ են գտնում ՀՀ-ի համար անընդունելի կետեր:

«Մենք միջազգային բոլոր գործընկերների հետ արդյունավետ և ինտենսիվ աշխատում ենք: Շնորհակալ ենք այն գործընկերներին, որոնք փորձում են միջնորդել, որ ստորագրվի խաղաղության պայմանագիրը: Մենք այս ճանապարհով շարժվելու ենք առաջ՝ ելնելով ՀՀ պետական շահերից»,- նշել է պատգամավորը:

Նա փաստել է, որ Հայաստանի համար ևս կարևոր է խաղաղության պայմանագրի ստորագրումը, բայց ստորագրվի այնպիսի փաստաթուղթ, որը կապահովի ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը և անվտանգությունը:

«Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում արդյոք փակուղայի՞ն իրավիճակ է» հարցին ի պատասխան՝ Արթուր Հովհաննիսյանը չի ժխտել, որ տարածաշրջանը բարդ իրավիճակում է:

«Կան դժվարություններ, բայց կշարժվենք առաջ՝ փորձելով մոտարկել մոտեցումները՝ նաև ստանալով մեր միջազգային գործընկերների աջակցությունը: Բարդ ճանապարհով ենք գնում, բայց չեմ ուզում որակել, որ հիմա փակուղային իրավիճակում ենք: Ունենք իրավիճակ, որ Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը, բայց մենք, մեծացնելով միջազգային ճնշումն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա, պետք է դիվանագիտական խողովակների միջոցով փորձենք առաջ շարժվել»,- արձանագրել է խմբակցության քարտուղարը:

Արուսյակ Ջուլհակյանն ընդգծել է, որ երկկողմ գործընթաց է ընթանում, Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացնում են իրենց առաջարկները: Նրա խոսքով՝ բանակցությունների ամբողջ գործընթացը միտված է մոտեցումների մոտարկմանը: Պատգամավորը հավելել է, որ Հայաստանը միջազգային գործընկերների հետ կոմունիկացնում է իր առաջարկները:

«Մեր ակնկալիքն է միջազգային գործընկերներից, որ փորձեն որոշակի քաղաքական ճնշումների միջոցով կառուցողական հուն բերել մեր ապակառուցողական հարևանին»,- փաստել է նա:

ՀԱՊԿ-ի հետ համագործակցության մասով էլ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ ՀԱՊԿ անվտանգային կառույցից չկա հստակ քաղաքական գնահատական Ադրբեջանի կողմից ՀԱՊԿ անդամ պետություն Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի վերաբերյալ:

Նրա գնահատմամբ՝ մինչև քաղաքական գնահատական չհնչի, չի կարող լինել դրան համարժեք գործողություն:

«Դրա համար էլ ԱԳ նախարարությունը և այլ գերատեսչություններ շարունակում են աշխատել ՀԱՊԿ-ի հետ, որ այդ քաղաքական գնահատականը հնչի»,- եզրափակել է խմբակցության քարտուղարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ