Լոռիում ոստիկանների «կանգ առ» հրահանգին չենթարկվելով՝ կոճղերով բարձված Ford-ը կողաշրջվել է. կա 2 զոհ

Աստղիկ Խաչատրյան 15.08.2021 - 14:25
15.08.2021 - 14:25 դիտում

Երեկ՝ օգոստոսի 14-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարց-Լորուտ միջգյուղական ավտոճանապարհին՝ անտառային հատվածում, ավտոմեքենա է գլորվել անտառը։

Ինչպես  հայտնում է Shamshyan.com-ը, մինչ դեպքի վայր կժամանեին ԱԻն ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից, նշված վայրից «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 դի։

Աղբյուրի փոխանցմամբ՝  ըստ նախնական տեղեկությունների՝ Ford Transit մակնիշի առանց համարանիշի, մեծ փայտանյութով՝ հաստաբուն կոճղերով, բարձված ավտոմեքենան Մարց-Լորուտ միջհամայնքային ճանապարհով անցնելիս է եղել, երբ այդ վայրում ոստիկանական ստուգիչ անցակետում ծառայություն կատարող ոստիկանները կանգնեցրել են առանց համարանիշի այդ Ford-ը, քանի որ նկատել են, որ այն անտառից է դուրս գալիս և ունեցել են կասկածներ, որ հնարավոր է՝ ավտոմեքենան բարձված լինի փայտով, սակայն Ford-ի վարորդը չի ենթարկվել ոստիկանների «կանգ առ» պահանջին և էլ ավելի է սկսել արագ վարել ավտոմեքենան, որպեսզի շուտ հեռանա ոստիկանների տեսադաշտից։

Ոստիկանները սկսել են հետապնդել և մի քանի անգամ ոստիկանական Վիլիսի լուսային և ձայնային ազդանշաններով հետապնդել են Ford-ը և բարձրախոսով հրահանգել են, որպեսզի նա ենթարկվի ոստիկանների «կանգ առ» պահանջին։

Մի քանի կիլոմետր անցնելուց հետո Ford-ը կորել է ոստիկանների տեսադաշտից։ Հասնելով արդեն Լորուտի վարչական տարածք՝ ոստիկանները նկատել են, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել անտառում՝ բախվելով ծառին։

Փաստի առթիվ Լոռո մարզի քննչական վարչության պետ Ս. Մկրտչյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 316 հոդվածի 1-ին մասի, 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 242 հոդվածի 3-րդ մասի և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ