Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատում Ալեն Սիմոնյանը ողջունել է ՀՀ-ում քաղաքացիական առաքելության մանդատը երկարաձգելու որոշումը

Աննա Կոստանյան 4.02.2025 - 18:28
4.02.2025 - 18:28 դիտում

Պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատում՝ հանդիպելով վերջինիս նախագահ Կլոդ Վիզլերի հետ:

Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման հարցում՝ զրուցակիցները կարևորել են դրա հետագա խորացումը երկկողմ ամուր քաղաքական հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու տեսանկյունից:

Հատուկ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող մի շարք հարցերի: Ալեն Սիմոնյանը կարևորել է վիզաների ազատականացման երկխոսության պաշտոնական մեկնարկն ու ողջունել ԵՄ խորհրդի վերջին որոշումը՝ Հայաստանում քաղաքացիական առաքելության մանդատը եւս 2 տարով երկարաձգելու վերաբերյալ:

Կլոդ Վիզլերն իր հերթին նշել է, որ Լյուքսեմբուրգը սատարում է Հայաստանի եվրոպական ու ժողովրդավարական նկրտումներին ու պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ ճանապարհին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև խաղաղության պայմանագրին, տարածաշրջանային զարգացումներին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ