ԼՂ պաշտպանության բանակը հերքել է ադրբեջանական կողմի ստահոդ հաղորդագրությունը

2.09.2023 - 10:55 դիտում

Ադրբեջանի ՊՆ-ն սեպտեմբերի 2-ին տարածել է նոր ստահոդ հաղորդագրություն այն մասին, թե, իբր, ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։15-11։36-ը և ժամը 13։30-13։58-ն ընկած ժամանակահատվածում, ճնշել են Լեռնային Ղարաբաղի օդային տարածքով Փարիզ-Պեկին և Թել Ավիվ-Բաքու երթուղիներով թռիչք կատարող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգը։ Այս մասին հայտնում են ԼՂ պաշտպանության բանակից:

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը իրականության հետ որևէ առնչություն չունի։ Ինչպես բազմիցս նշել ենք նախկինում, հիշյալ երթուղիներով թռիչք իրականացնող օդանավերը չեն հատում ԱՀ օդային սահմանները։ Հատկանշական է նաև, որ իբրև թե ռադիոճնշման ենթարկված օդանավերը շահագործող որևէ ընկերություն կամ որևէ երկիր երբևէ չի ներկայացրել որևէ բողոք այդ առնչությամբ։

Նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրություն շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից և տեղեկատվական հենք նախապատրաստել հերթական սադրանքի համար։

Կրկին հիշեցնենք, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ամբողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը»,- ասված է հաղորդագրությունում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ