Լիազորող նորմը Կառավարությանը հնարավորություն կտա ռազմամթերքը, զենքերը, լրամասերն ու բաղադրիչները տրամադրել ռազմարդյունաբերական ընկերություններին. ԲՏԱ նախարար

Աստղիկ Խաչատրյան 15.05.2025 - 13:30
15.05.2025 - 13:30 դիտում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ խորհրդարանն Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկում է պատգամավորներ Տրդատ Սարգսյանի և Արմեն Խաչատրյանի ներկայացրած՝ ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հարակից զեկուցող, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը պարզաբանեց՝ ինչու է օրենքի նախագիծը արտահերթ նիստում քննարկվում:

Նախարարը տեղեկացրեց՝ դեռևս մայիս ամսին նախատեսել էին տարատեսակ զինատեսակներ, ռազմամթերք, լրամասեր փոխանցել մեկ տասնյակից ավելի ռազմարդյունաբերական ընկերությունների, որոնք մի քանի նպատակով էին դրանք ստանալու համար իրենց դիմել, մասնավորապես, նոր տեսակի նոր զինատեսակների արտադրության և դրանց պետական փորձարկման տանելու, հիմնանորգման, արդիականացման աշխատանքների և օգտահանման նպատակով:

«Եվ մայիսին մենք ակնկալում էինք, որ համապատասխան իրավական ընթացակարգերով առաջնորդվելով՝ կկարողանանք այս աշխատանքը պատճաշ կերպով իրականացնել, սակայն Կառավարության գործընկերների հետ անվերջանալի թվացող քննարկումները ստեղծում էին ռիսկ՝ նախատեսված ժամկետներում այս աշխատանքը պատշաճ չկատարելու, հետևաբար ընդունեցինք գործընկերների առաջարկը՝ օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու, որպեսզի համապատասխան լիազորող նորմ ունենանք օրենսդրության մեջ, որը հնարավորություն կտա Կառավարությանը շատ արագ՝ օրենքի ընդունվելուց հետո 1-2 շաբաթվա ընթացքում, համապատասխան ռազմամթերքը, զենքերը, լրամասերն ու բաղադրիչները, որոնք պետական սեփականություն են, տրամադրել ռազմարդյունաբերական ընկերություններին»,- ասաց Հայրապետյանը:

Ինչ վերաբերում է ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, որը վերաբերում է Սփյուռքից բարձր որակավորման մասնագետների ներգրավմանը ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման հարցում, նշեց՝ թեման մշտապես քննարկվողներից է:

Փակագծեր չբացելով՝ նախարարն ասաց, որ վերջին տարիներին ակտիվ ներհոսք են նկատում հենց ռազմարդյունաբերական համալիրում գործող ընկերություններ, գործարաններ թե՛ նոր պրոդուկտների մշակման, թե՛ հենց արտադրական պրոցեսներում ներգրավելու՝ որպես գլխավոր կոնստուկտորներ, ինժեներեր:

Հիշեցնենք՝ նախագծով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն, պետական սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը կարող է օտարվել կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների ամփոփ ցուցակում ներառված ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտներին՝ նոր արտադրատեսակների մշակման կամ արտադրատեսակների արդիականացման կամ նորոգման կամ փորձարկումների իրականացման համար:

«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության համար սահմանել լիազորող նորմ, որով իրավական հիմքեր կստեղծվեն ՀՀ կառավարության համար իր որոշման համաձայն օտարել ռազմական նշանակության արտադրանքը ՀՀ կառավարության 2016 թվականի N 920-Ն որոշմամբ սահմանված ամփոփ ցուցակում գրանցված սուբյեկտներին:

Օրենքի փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղական ռազմարդյունաբերության զարգացման պայմաններում անհրաժեշտություն է առաջանում զենքի, զինամթերքի արտադրություն, նորոգում և այս ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական մշակումներ իրականացնող սուբյեկտներին պարբերաբար տարբեր նպատակներով տրամադրել զենք, զինամթերք, սակայն օրենսդրությամբ Կառավարության համար կոնկրետ լիազորող նորմ սահմանված չէ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ