Ադրբեջանական ագրեսիայի այս նոր ալիքին նախորդել է դեկտեմբերի 12-ից սկսած Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ուղին է՝ կյանքի ճանապարհը։ Այս անմարդկային շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, մասնավորապես՝ ամենախոցելի խմբերը, կանգնել են լիակատար մարդասիրական ճգնաժամի և սովահարության իրական վտանգի առաջ։
Պաշտպանելու պատասխանատվության գլոբալ կենտրոնը, Զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված գլոբալ գործողություն նախաձեռնությունը, Ցեղասպանության կանխարգելման հարցերով առաջին հատուկ խորհրդական Խուան Էռնեստո Մենդեսը, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուի Մորենո-Օկամպոն և շատ ուրիշներ ահազանգել են ցեղասպանության իրագործման վտանգի մասին։
Հուսով ենք, որ մեր հավաքական ջանքերի և մարդկության, խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության արժեքներին անդրդվելի հանձնառության շնորհիվ մենք կկարողանանք նշանակալի ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղում վերահաս հումանիտար աղետի և էթնիկ զտումների կանխարգելմանն ուղղված համընդհանուր ջանքերում:
Պարո՛ն նախագահող,
Որպես տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում գտնվող և տարբեր ազգերի և մշակույթների հետ փոխզարգացման բազմադարյա ավանդույթներ ունեցող պետություն՝ Հայաստանը հետևողականորեն պատրաստակամություն է հայտնում համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված միջոցառումների արդարացի իրականացման գործում և ներդնում ունենալ միջմշակութային երկխոսության և մշակութային բազմազանության խթանմանն ուղղված համընդհանուր ջանքերում:
Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ համագործակցելու Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի գործընկեր երկրների հետ՝ համատեղ առաջ մղելու և պաշտպանելու ընդհանուր ժառանգությունը, որն անփոխարինելի արժեք է ներկայացնում ողջ մարդկության համար՝ որպես պատմության, ինքնության և մշակութային հիշողության բացառիկ արտահայտություն:
Շնորհակալություն ուշադրության համար»,- ասված է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ելույթում: