Լարված իրավիճակ և քաշքշուկ ԱԺ-ում, Ալեն Սիմոնյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին

Աննա Կոստանյան 24.05.2023 - 14:18
24.05.2023 - 14:18 դիտում

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, քաշքշուկ սկսվեց։

Ալեն Սիմոնյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, հորդորելով դահլիճից հեռացնել Արթուր Սարգսյանին։

Երբ անվտանգության աշխատակիցները ուժ գործադրելով հանում էին պատգամավորին դահլիճից, նա ասել է․

«Արա, թողեք հլը, դու պատասխան ես տալու: Հլը սրան նայի, այ բիձա: Ես պտի մտնեմ ներս, ինձ չպիտի հանեք: Ինձ ասում է՝ հլը ռադ էղի ստեղից, այ բիձա: Անպատասխան թողել եք, դրա համար սենց ա անում»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների հարցի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն ասաց, որ թեկնածուներից դատավոր Արմեն Դանիելյանը 2021 թվականի նոյեմբերի 15-ին իր լսելու իրավունքը խախտելով՝ կալանավորել է իրեն։

«Իմ լսելու իրավունքը խախտելով՝ կալանավորել եք ինձ։ Ես ոչ թե իմ մասին եմ խոսում… Դուք այսպես շատ ճակատագրեր եք խառնել՝ մարդկանց զրկելով շփվել իրենց երեխաների, ծնողների հետ, բայց այդ մարդիկ հնարավորություն չունեն այսօր ամբիոնից խոսել, ես խոսում եմ իրենց տեղը։ Իսկ դուք այսօր այս ամբիոնից կանգնած հպարտորեն ասում եք, որ ձեր որոշումները կայացրել եք օրենքի սահմաններում։ Դուք ապօրինի որոշումներ եք կայացրել։ Փաստ է՝ ապօրինի որոշում եք կայացրել և կալանավորել եք ինձ։

Այն պահին, երբ գործը մակագրվել է ձեզ, վստահ էի, որ պետք է կալանավորվեմ։ Դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետև տղամարդկություն չեք ունեցել նայել իմ աչքերի մեջ ու կալանավորել»,- ասաց Սարգսյանը։

Ալեն Սիմոնյանը խնդրեց լինել կոռեկտ. «Մենք այստեղ տղամարդկության և մնացածի չափանիշը չենք որոշում»։

«Դա, կարծում եմ, ամենակոռեկտն է»,- ասաց Ա. Սարգսյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ