Իրաքը Թուրքիայից պահանջել է պաշտոնապես ներողություն խնդրել Սուլեյմանիայի օդանավակայանի գնդակոծման համար

8.04.2023 - 22:29 դիտում

Իրաքի ղեկավարությունը Թուրքիայից պահանջել է պաշտոնապես ներողություն խնդրել երկրի հյուսիսում գտնվող Սուլեյմանիա քաղաքի քաղաքացիական օդանավակայանի գնդակոծման համար: Այդ մասին հայտնել են Իրաքի նախագահի գրասենյակից:

«Մենք խստորեն դատապարտում ենք Իրաքի և նրա ինքնիշխանության վրա այս աղաղակող հարձակումները, չկա որևէ իրավական հիմնավորում, որը թույլ կտա Թուրքիային շարունակել ահաբեկել քաղաքացիական բնակչությանը՝ իրաքյան հողում իրեն հակառակորդ ուժերի ներկայության պատրվակով»,- ասված է գրասենյակի հայտարարության մեջ:

Իրաքի ղեկավարությունը Թուրքիային կոչ է արել պատասխանատվություն ստանձնել, պաշտոնապես ներողություն խնդրել և դադարեցնել հարձակումները: Նշվում է, որ հարձակումների կրկնության դեպքում Իրաքը «հաստատակամ դիրքորոշում կորդեգրի դրանք կանխելու համար»:

Սուլեյմանիայի քաղավիացիայի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ուրբաթ օրը քաղաքի միջազգային օդանավակայանի մոտակայքում պայթյուն է որոտացել, որը հանգեցրել է հրդեհի, այն հաջողվել է մարել: Զոհեր և վիրավորներ չեն եղել։

Ըստ արաբական «Ալ-Հադաս» հեռուստաալիքի աղբյուրի՝ պայթյունի պատճառը Թուրքիայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հասցրած հարվածն է եղել: Նշվում է, որ պայթյունի պահին օդանավակայանի շրջանում կարող էր լինել քրդական «Ժողովրդավարական Սիրիայի ուժերի» հրամանատար Մազլում Աբդին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ