Իսրայելն Իրանի վրա իր հարձակումներով տարածաշրջանը տանում է լիակատար աղետի՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
«Որպեսզի մենք կարողանանք վերադառնալ դիվանագիտությանը, ագրեսիան պետք է դադարեցվի։ Ակնհայտ է, որ ես չեմ կարող գնալ ԱՄՆ-ի հետ բանակցությունների, երբ մեր ժողովուրդը ռմբակոծվում է Ամերիկայի աջակցությամբ։ Ցավոք, մենք եկել ենք այն եզրակացությանը, որ Միացյալ Նահանգները հենց սկզբից մասնակցել է այդ ագրեսիային։ Նրանք հերքում են և շարունակում են ասել, որ իրենք ներգրավված չեն դրանում, բայց մենք ունենք բազմաթիվ ապացույցներ, որ նրանք ներգրավված են եղել հենց սկզբից»,- նշել է Արաղչին Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանում:
Դիվանագետը նշել է՝ ցավոք, ԱՄՆ-ը կարող է միանալ հակամարտությանը: Արաղչիի խոսքով՝ դա շատ վտանգավոր կլինի բոլորի համար: