Իրանի արտգործնախարարը հայտարարել է Պաղեստին մարդասիրական օգնություն ուղարկելու պատրաստակամության մասին

Աստղիկ Խաչատրյան 11.10.2023 - 21:11
11.10.2023 - 21:11 դիտում

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում ասել է Պաղեստին մարդասիրական օգնություն ուղարկելու իր երկրի պատրաստակամության մասին, հայտնում է Իրանի ԱԳՆ-ն, փոխանցում է РИА Новости-ն։

«Հայտարարելով Գազա մարդասիրական օգնություն ուղարկելու Իրանի պատրաստակամության մասին՝ մեր երկրի ԱԳՆ ղեկավարն ասել է՝ «Մենք ակնկալում ենք, որ ՄԱԿ-ը հրատապ միջոցներ կձեռնարկի՝ Գազա ջուր, սնունդ և մարդասիրական օգնություն ուղարկելու համար»,- ասվում է Իրանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Իրանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ «այն, ինչ տեղի է ունեցել օկուպացված տարածքներում (Պաղեստինում՝ խմբ.) ամբողջովին պաղեստինյան նախաձեռնություն է»։ Նա հերքել է Իրանի մասնակցության հավանականությունը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման՝ Իսրայելի վրա հարձակումներին։

Նշենք, որ նախօրեին Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին ասել էր, որ չնայած Իրանը, ըստ Վաշինգտոնի, ՀԱՄԱՍ-ի երկարաժամկետ գործընկերն ու հովանավորն է, ԱՄՆ-ն Իսրայելի վրա հարձակումներին Իրանի մասնակցության կոնկրետ ապացույցներ չունի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ