Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկելու Հայաստանի ու Ադրբեջանի սահման. Մոհամմադ Բաղերի

Աննա Կոստանյան 4.10.2023 - 13:43
4.10.2023 - 13:43 դիտում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրան կատարած այցի ժամանակ հանդիպել է ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերիի հետ և մանրամասներ է ներկայացրել Կովկասի վերջին զարգացումների վերաբերյալ: Իրանցի բարձրաստիճան զինվորականը նշել է, որ Հարավային Կովկասի անվտանգային գործընթացներն ու զարգացումներն ազդում են տարածաշրջանի անվտանգության վրա:

«Տարածաշրջանում լարվածության պահպանումը Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանային մյուս երկրների օգտին չէ, ուստի ջանքերը պետք է կենտրոնացվեն այդ տարաձայնություններն ու լարվածությունը լուծելու ուղղությամբ: Իրանը պատրաստ է աջակցելու լարվածության վերացմանը»,- ասել է նա:

Բաղերին ընդգծել է նաև, որ Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկելու Հայաստանի ու Ադրբեջանի սահման: «Ցանկացած երկրի պաշտպանունակության և ռազմական ներուժի բարելավումը չպետք է ուղեկցվի ագրեսիվ նպատակներով և մտադրություններով: Տարածաշրջանում խաղաղությունը բոլոր երկրների օգտին է, իսկ անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները, արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը հակասում է խաղաղությանը տարածաշրջանում»:

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը հավելել է, որ «տարածաշրջանում ճգնաժամ ստեղծելու ոչ մի պատճառ չկա: Պառակտումն ու անկայունությունն օտարների քաղաքականությունն են, և տարածաշրջանի երկրներն իրենց խնդիրները պետք է լուծեն երկխոսության միջոցով»:

Մատնանշելով վերջերս ԱՄՆ-ի զորավարժությունների անցկացումը Հայաստանում՝ Մոհամմադ Բաղերին ընդգծել է. «Նոր և արտատարածաշրջանային դերակատարների ներկայությունը խորացնում է անկայունությունը»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ