BBC-ն հայտնում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Թել Ավիվի մի մասի բնակիչներին զգուշացրել է տարհանվելու անհրաժեշտության մասին։ Նախազգուշացումը տարածել են իրանական լրատվական գործակալությունները։
Դրանից կարճ ժամանակ առաջ իսրայելական բանակը սոցիալական ցանցերի միջոցով Իրանի բնակիչներին նմանատիպ նախազգուշացում էր տարածել՝ հայտարարելով, որ պատրաստվում է հարվածներ հասցնել ռազմական թիրախներին Թեհրանի մի կոնկրետ շրջանում:
ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն է հաստատել Իսրայելի երկնքի նկատմամբ։ Հայտարարությունը տարածել են ռուսական ՏԱՍՍ և ՌԻԱ լրատվական գործակալությունները։ Ըստ BBC-ի՝ ԻՀՊԿ-ի տրամաբանությամբ՝ իսրայելական երկնքի լիակատար վերահսկողության մասին խոսելու հիմք է տալիս Իրանի վերջին հրթիռային հարվածն Իսրայելին։
Իսրայելի պաշտպանության ուժերը երեկ երեկոյան հայտնել են, որ Իրանը մեկ ժամվա ընթացքում երկու փուլով մոտ 25 հրթիռ է արձակել։ Տեղում հետևանքների մասին մանրամասն տեղեկություններ չկան։ Գիշերն էլ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Իրանից Իսրայելի տարածք արձակված երեք անօդաչու թռչող սարք։ Երկուսը խոցվել է Մեռյալ ծովի տարածքում, մեկը՝ Հյուսիսային Իսրայելի։
Թեհրանը խոստացել է «վրեժխնդրության գործողություն» իրականացնել, իսկ մինչ այժմ կատարված հարվածները նախատեսված են եղել Իսրայելին նախազգուշացնելու ու զսպելու համար:
ԱՄՆ պեքարտողարությունը հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատունը, ինչպես նաև ամերիկյան հյուպատոսությունները Երուսաղեմում և Թել Ավիվում, մի քանի օրով կփակվեն։